Արցախի էթնիկ զտումը, ընդհուպ ցեղասպանություն. Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանի խոսքով՝ սա է Ադրբեջանի նպատակը: Այսօր տեղի ունեցած առցանց ասուլիսի ընթացքում նա շեշտեց, որ Արցախն Ադրբեջանին պետք է առանց հայերի կամ առավելագույնը՝ քիչ թվով հայերով:
«Դրա համար նրանք փորձում են ձեռնարկել բոլոր միջոցները Արցախը հայաթափելու, դատարկելու նպատակով:
Սա մի նպատակ է, որի իրագործման համար Ադրբեջանը ոչինչ չի խնայում: Մեր հնարավորությունները բավարար չեն լիարժեք կամ թեկուզ նվազագույն պայմաններն ապահովելու համար, բայց ճանապարհի արգելափակման առաջին իսկ օրվանից մենք ապավինեցինք ռուսական խաղաղապահ ուժերի և ԿԽՄԿ արցախյան ներկայացուցչության օգնությանը: Այս ամբողջ ընթացքում նրանք մի կերպ հասցնում են պարենը, դեղորայքը և առաջին անհրաժեշտության ապրանքների նվազագույն չափաքանակը»,- ասաց նա:
Խոսելով շրջափակման հետևանքով առաջացած տնտեսական խնդիրների մասին՝ Ներսիսյանը նշեց.
«Կան ոլորտներ, որոնց հասցվել է անդառնալի վնաս: Լրջագույն վնաս է հասցվել տնտեսության ճյուղերին: Միայն տեղական հարկային եկամուտները կրճատվել են մոտ 70 տոկոսով: Առկա է գործազրկության մեծ ցուցանիշ: Արցախում գործող տնտեսվարող սուբյեկտների 20 տոկոսը դադարեցրել են գործունեությունը, իսկ մնացածը մի կերպ պետական աջակցությամբ փորձում են պահպանել իրենց գոյությունը»: