Նոր դաշնամուրներ ու ռոյալներ՝ Հայաստանի երաժշտական կրթական հաստատություններին. այս նախաձեռնությամբ հանդես է գալիս Վիեննայի Բեթհովեն կոնսերվատորիայի տնօրեն Սիրանուշ Գալոյանը, որին մարտի 22-ին հանդիպեց վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:
Կլոր սեղանի շուրջ քննարկվում էր երաժշտական կրթության զարգացման հնարավորությունը: Քննարկումն ընթանում էր Աննա Հակոբյանի, հայ oպերային երգիչ, բաս, Հայաստանի ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանի, Վիեննայի Բեթհովեն կոնսերվատորիայի տնօրեն Սիրանուշ Գալոյանի, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի և փոխնախարար Արա Խզմալյանի միջև:
Սիրանուշ Գալոյան (Վիեննայի Բեթհովեն կոնսերվատորիայի տնօրեն) - Bechstein համերգային դաշնամուրները, որոնք մեզ մոտ կոնսերվատորիայում են դրված, ամենալավ Bechstein դաշնամուրները... Մեզ հովանավորում են, որոշեցինք, որ ինչ-որ քանակ վերցնենք՝ դպրոցներին, և բերենք Հայաստան՝ նվիրատվության:
Այս պահին խոսքը 30-35 ռոյալի ու դաշնամուրի մասին է՝ մանրամասնեց Սիրանուշ Գալոյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանն էլ ներկայացրեց գերատեսչության ծրագրերը: Հայաստանում այս պահին արվեստի, գեղարվեստի և երաժշտական 166 դպրոց է գործում, որից 27-ը՝ մայրաքաղաքում: Նախարարը նշեց, որ այս դպրոցներից 124-ի համար վերջին 10 տարում ձեռք է բերվել 659 երաժշտական գործիք՝ 22 դաշնամուր, 171 լարային, 137 փողային գործիք, 329 ազգային նվագարան:
Ժաննա Անդրեասյան (ՀՀ ԿԳՄՍ նախարար) - Բնականաբար, կարիքը կա և իրոք կօգնի, քանի որ հիմա մենք սկսել ենք արտադպրոցական հաստատությունների, այսինքն՝ երաժշտական արվեստի դպրոցների մանկավարժների աշխատավարձերի բարձրացման քաղաքականություն՝ այս տարի առաջին անգամ, և հիմա դիմումների ընդունումը մեկնարկել ենք, ատեստավորման պրոցես ենք անցկացնելու, որով այս պահին նրանց վարձատրությունը ընդհուպ կրկնապատկելու են: Եվ սա, կարծում եմ, շատ կարևոր է լինելու, որ մենք կարողանանք ոլորտ գրավել ավելի բարձրորակ կադրերի: Եվ այս պարագայում այս նախաձեռնությունն էլ՝ հագեցնել երաժշտական դպրոցները դաշնամուրներով և ռոյալներով, որոնք շատ կարևոր միջավայր են ստեղծելու, մեզ համար շատ լավ հնարավորություն կլինի:
Սիրանուշ Գալոյանն էլ մանրամասնեց, որ դաշնամուրների նվիրաբերումը առաջին քայլն է: Նպատակ կա Հայաստանի հետ գործակցությունը ավելի խորացնել՝ մրցույթների անցկացում, ուսանողների փոխանակման ծրագիր կրթական հաստատությունների միջև: Ծրագրում են նաև բարենպաստ պայմաններ ստեղծել, որ Հայաստանից երիտասարդները կրթություն ստանան Վիեննայի Բեթհովեն կոնսերվատորիայում: Գործակցությունը փոխշահավետ է՝ նկատեց վարչապետի տիկինը:
Աննա Հակոբյան (ՀՀ վարչապետի տիկին) - Այս խոսակցությունը շատ հում խոսակցություն է այս պահի դրությամբ, սա պիտի շարունակություն ունենա արդեն գործնական տեսքով, և ինչ-որ ժամկետներ ունենանք, որ չլինի` ուղղակի խոսեցինք: Ես առաջարկում եմ հետևյալը. մենք կարծես թե ռազմավարական հարցերում համաձայնության եկանք, այսինքն` նվիրատվության առաջարկություն կա, մենք հետաքրքրված ենք, փոխադարձ առաջարկություն կա ծրագրեր անել երաժիշտների վերապարտաստման ձեր կոնսերվատորիայում, դրանով էլ ենք հետաքրքրված: Կարծես բոլոր հարցերը համաձայնեցրինք:
Քննարկման մասնակիցները պայմանավորվեցին շարունակել հանդիպումներն ու քննարկումները, ներկայացնել ավելի դետալային ծրագիր: Սիրանուշ Գալոյանն էլ վստահեցրեց, որ հաջորդ հանդիպմանը ներկա կլինի նաև Bechstein ընկերության ներկայացուցիչը: