Թամանյանի արձանի շուրջը վաղ առավոտից իրականացվող ծառահատումներն առաջացրել են երևանցիների մի մասի զայրույթը: Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը պարզաբանում է՝ ծառերն արմատախիլ են արվում գիտնականների հետ ունեցած քննարկումից հետո, միաձայն որոշում է կայացվել փոխարինել քաղաքում իրենց գործառույթը կորցրած հին ծառատեսակները:
Տիգրան Ավինյան (Երևանի քաղաքապետի տեղակալ) - Բոլոր այն ծառերը, որոնք փոխարինվում են, իրապես իրենց կյանքի վերջին տարիներն են ապրում: Հիմնականում դրանք թեղիներ են, ունենք այստեղ հացենիներ նաև, դրանք փոխարինվում են բարձրարժեք տասնամյա ծառերով, որոնք որ հատուկ Երևանի բնակլիմայական պայմանների համար են ստեղծված, որոնք որպես ծառ իրենց ֆունկցիան կատարելու են:
Հատման ենթակա ծառերի վրա քաղաքապետարանը փակցրել է համապատասխան որոշումը: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» կազմակերպության տնօրենի խոսքով՝ թեղիների մեծ մասը տնկվել է դեռ 1949 թվականին և սպառել իրենց նշանակությունը:
Արմեն Բեգոյան («Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն) - Այդ ծառերն այն աստիճանի հիվանդ են և անկենսունակ, որ նույնիսկ սաղարթ չեն ձևավորում:
Այսօր հատված 40 ծառի փոխարեն վաղը կտնկվեն 46-ը: Քաղաքապետարանի ներկայացուցիչների հավաստմամբ՝ դրանք նաև կազդեն Երևանի օդի որակի վրա:
Արմեն Բեգոյան - Մեր օդի վիճակն այնպիսին է, որ Երևանի քաղաքապետարանը գնացել է նրան, որ անգամներ ավելի թանկարժեք ծառատեսակներ են ձեռք բերվել, ավելի հասուն ծառատեսակներ, որովհետև մենք այլևս այն ժամանակը չունենք, որ, կներեք, իմ մատի չափ շիվը դնենք և 10 տարի սպասենք, որ ծառ դառնա:
Հին ծառերը նորով կփոխարինվեն նաև մայրաքաղաքի այլ հատվածներում: Երևանն առաջիկայում 2000 նոր ծառ կունենա:
Հեղինակ` Նորայր Շողիկյան