ՌԴ ՆԳ նախարարությունում այսօր տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների ներքին գործերի նախարարությունների փորձագետների մասնակցությամբ խորհրդակցություն։
Քննարկվել են այս տարվա օգոստոսին Ղազախստանում անցկացվելիք՝ ԱՊՀ անդամ պետությունների ՆԳ նախարարների խորհրդի հերթական նիստի նախնական օրակարգով նախատեսված առաջարկները։
Խորհրդակցության ընթացքում ԱՊՀ անդամ պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության և այլ վտանգավոր հանցագործությունների դեմ պայքարը համակարգող բյուրոյի տնօրենի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արա Սարգսյանը քննարկման առարկա է դարձրել Հայաստանում համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի իրացման, ինչպես և դրա դեմ պայքարի արդյունավետության բարձրացման խնդիրները։
Անդրադարձ է կատարվել Քրեական ոստիկանության կազմում գործող նորաստեղծ բաժնին, որը մասնագիտացած է համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի գործում։
Արա Սարգսյանը շեշտել է նաև, որ 2023 թվականը Հայաստանի ՆԳ նախարարության ոստիկանությունը հայտարարել է ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարի տարի։
Ելույթից հետո ակտիվ քննարկում է ծավալվել բարձրացված խնդրի շուրջ, որը տարածում է ստանում ոչ միայն Հայաստանում։
Խորհրդակցությանը քննարկվել են նաև կազմակերպված հանցավորության այլ դրսևորումներին և դրանց դեմ համատեղ արդյունավետ պայքարին վերաբերող հարցեր։