Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ միջազգայնորեն ձեռք բերված պայմանավորվածությունների անպատիժ խախտումներն Ադրբեջանի կողմից նրան քաջալերում են գնալ նորանոր սադրանքների:
«Նման մի հրեշավոր սադրանք տեղի է ունեցել երեկ, երբ ադրբեջանական կողմը նպատակային դիպուկահար կրակոցով սպանել է ՀՀ ԶՈՒ զինծառայող Արշակ Սերյոժայի Սարգսյանին: Ցավակցություն հայտնելով սպանված ժամկետային զինծառայողի ծնողներին, հարազատներին՝ միջազգային հանրության ուշադրությունն եմ հրավիրում այն ակնհայտ փաստի վրա, որ Ադրբեջանը իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա:
Սա ավելի է հիմնավորվում Ադրբեջանի՝ պետական մակարդակով վարվող, այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի անհեթեթ խոսույթով, որը ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգության բացահայտ ակտ է»,- ասաց նա:
Փաշինյանի խոսքով՝ այս խոսույթը ևս մեկ անգամ ի ցույց է դնում, որ ՀՀ Կառավարությունը հենց սկզբից ճիշտ է ընթերցել Ադրբեջանի ուղերձները, և շարունակական, ՀՀ գոյության իրավունքը կասկածի տակ դնող քաղաքականությունն ու խոսույթն է ԼՂ հակամարտության չկարգավորման պատճառը:
«Ադրբեջանը հիմա էլ նոր մեղադրանք է մոգոնել ընդդեմ Հայաստանի, թե Հայաստանը մոնոէթնիկ երկիր է, և Հայաստանում, իբր, ազգային փոքրամասնություններ չկան: Նախ, նման ձևակերպումները ՀՀ ներքին գործերին կոպիտ միջամտություն է, և Հայաստանում ոչ միայն կան ազգային փոքրամասնություններ, այլև նրանք ներկայացված են, մանդատներ ունեն ՀՀ ԱԺ-ում, և դա երաշխավորված է Սահմանադրությամբ:
Իսկ եթե նման թեմաներով խոսույթը միջամտություն չէ երկրի ներքին գործերին, ուրեմն արձանագրենք, որ Ադրբեջանում ոչ միայն մամուլի, ընդդիմության, այլև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների նկատմամբ հետապնդումները կրում են համակարգային բնույթ:
Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների շահերը պաշտպանող լիդերների սպանությունների՝ բանտարկությունների մասին պատմող նյութերով հեղեղված է միջազգային մամուլը: Ընդ որում՝ շատ դեպքերի մասին պատմում են ականատեսները, խոշտանգումների, հետապնդումների ենթարկված ակտիվիստները կամ սպանված ակտիվիստների ընտանիքների անդամները:
Ադրբեջանը գուցե բարի կամք դրսևորի և Միլի մեջլիսում ազգային փոքրամասնությունների համար նախատեսված պատգամավորական քվոտաներ սահմանի և դա երաշխավորի Սահմանադրությամբ»,- ասաց նա: