Ֆրանսիայում կենսաթոշակային տարիքը 62-ից 64 դարձնելու մասին կառավարության որոշման դեմ բողոքի ցույցերը և գործադուլները չեն դադարում: Փարիզում ցուցարարները պահանջել են չեղարկել համապատասխան օրենքը, երթևեկությունը կաթվածահար է, ուսումնական որոշ հաստատություններ չեն աշխատում, իրավապահների և քաղաքացիների միջև բախումներ են եղել, ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել:
Ցուցարարները նաև փորձել են խափանել Փարիզի Լիոնի կայարանի և Շառլ դը Գոլ օդանավակայանի աշխատանքը։ Լրատվամիջոցների տվյալով՝ Փարիզի օդանավակայանները վախենում են, որ ավիավառելիքի պաշարները կարող են սպառվել, քանի որ Նորմանդիայի նավթավերամշակման գործարանի աշխատակիցները գործադուլ են հայտարարել:
Գործադուլների ֆոնին Փարիզը բախվել է ևս մեկ լուրջ խնդրի՝ աղբահանությամբ զբաղվող համայնքային ձեռնարկությունները հրաժարվում են աշխատել։ Արդյունքում՝ Փարիզում մի քանի օր է՝ աղբը չի հավաքվում:
Երեկ France2-ի հետ հարցազրույցում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ կենսաթոշակային փոփոխություններն անհրաժեշտություն են, և ափսոսանք հայտնել, որ Ֆրանսիայի իշխանությունները չեն կարողացել ավելի լավ բացատրել բնակչությանը դրանց կարևորությունը:
«Կարծում եք՝ ինձ բավականությո՞ւն է պատճառում այս բարեփոխումն իրականացնելը։ Ո՛չ: Կարծում եք չէի՞ կարող ինձնից առաջ եղածների պես վարվել ու անցնել առաջ: Բայց հասարակական կարծիքի, կարճաժամկետ հեռանկարի և Ֆրանսիայի ընդհանուր շահերի մեջ ես ընտրեցի երկրի ընդհանուր շահը»,- ասել է Մակրոնը։