Արդեն 102-րդ օրն է՝ Արցախի ժողովուրդը գերության մեջ է. առցանց ասուլիս են անցկացրել Արցախի պաշտոնյաները: Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը, անդրադառնալով ադրբեջանական «ինտեգրացիա» կոչված թեզին, նկատել է, որ նախկինում էլ այն երբեք իրողություն չի եղել և այժմ էլ արցախահայության ու Ադրբեջանի համատեղումը բացառված է:
Պետնախարարը նկատել է, որ Բաքուն շարունակում է ագրեսիան, քանի դեռ միջազգային հանրությունը շարունակում է լուռ մնալ:
«2020-ի սեպտեմբերի 27-ից սկսած՝ ձեր աչքի առաջ տեղի են ունենում մեր օրերի ու ժամանակների հետ անհամատեղելի ոճրագործություններ, մարդկային պարզ իրավունքների ոտնահարման բացահայտ փորձեր, միջազգային հանրությունը շարունակում է լուռ մնալ, այդ պատճառով Ադրբեջանը ամեն օր և պարբերաբար ավելի է ուժեղացնում իր ագրեսիվ քաղաքականությունը՝ բացասական իմաստով:
Երեք ամիս շարունակ Արցախը շրջափակման մեջ պահող Ադրբեջանը ոչ միայն ըստ անհրաժեշտության և առարկայորեն չի քննադատվել միջազգային հանրության կողմից, այլև ցուցաբերված պասիվությունից ու անգործությունից հետո Ադրբեջանը նույնիսկ ավելի սաստկացրեց իր գործողությունները՝ կատարելով սպանություններ, հանցավոր ոտնձգություններ: Ու այդ ամենից հետո էլ մնաց անպատիժ»,- ասաց նա:
Ներսիսյանն ընդգծեց, որ արցախցիները շարունակաբար հետևում ու սպասում են միջազգային հանրության արձագանքին:
«Մենք ուզում ենք համոզված լինել, որ քաղաքակիրթ աշխարհի համար մարդը, նրա իրավունքները բարձրագույն արժեքներ են, և ոչ մի քաղաքականություն, ոչ մի տնտեսական ու նյութական շահ չեն կարող տրորել այս իրավունքները»,- ասաց Ներսիսյանը:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան