Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման 100-րդ օրն Ադրբեջանը նշանավորեց ԼՂ բնական գազի մատակարարման 13-րդ անջատումով: Այս մասին Կառավարության նիստի մեկնարկին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սրան նախորդեց ԼՂ-ի՝ էթնիկ զտման ենթարկված Թալիշ գյուղում Ադրբեջանի ղեկավարի ունեցած ելույթը, որն այլ կերպ, քան ագրեսիվ, դժվար է որակել: Թալիշ գյուղում տեղի ունեցածն Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականության հիմնարար, հիմնավոր ապացույց է»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ 44-օրյա պատերազմի հետևանքով հայաթափված այդ գյուղում սեփականության իրավունքով հայերին պատկանող տները քանդում է Ադրբեջանը և նրանց փոխարեն կառուցում ադրբեջանցիների համար նախատեսված տներ:
«Այն, ինչի մասին ահազանգում էինք երկար ժամանակ, այլևս իրականություն է:
Ադրբեջանի ղեկավարությունը ցույց է տալիս ԼՂ հայության իրավունքների և անվտանգության երաշխավորման կամ «ինտեգրացիայի» իր մոդելը՝ սեփականության իրավունքով հայերին պատկանող տները քանդել, դրանց փոխարեն կառուցել ադրբեջանցիների համար նախատեսված տներ, զուգահեռ հինավուրց հայկական կոթողների վրայից ջնջել հայերեն արձանագրությունները և հարցը համարել լուծված:
Այս գործողություններն ապօրինի են և բացահայտ կերպով հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետին, որում ասվում է. «Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են ԼՂ տարածք և հարակից շրջաններ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի վերահսկողության ներքո»:
Սա նշանակում է, որ մարտի 18-ը պետք է նշանավորվեր հայ բնակչության՝ Թալիշ վերադառնալով, ոչ թե նրանց տները քանդելու վանդալային ակտով:
Ադրբեջանի ղեկավարության այս գործողություններին հետևեց ԼՂ-ից և հարակից շրջաններից բռնագաղթած մեր հայրենակիցների հայտարարությունը, որոնք 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրած երկրների ղեկավարներից ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարից պահանջում են ապահովել ԼՂ-ից և հարակից շրջաններից բռնագաղթած հայերի անվտանգ և արժանապատիվ վերադարձն իրենց պատմական հողեր և նախկին բնակավայրեր, համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների մարդու և մարդասիրական իրավունքի:
Որպես նշված հայտարարության հասցեատերերից մեկը՝ ուզում եմ հստակ ընդգծել, որ նշված պահանջն արդարացի եմ համարում, և ՀՀ Կառավարությունը պետք է ձեռնարկի բոլոր քաղաքական և դիվանագիտական միջոցները հայտարարության հեղինակների և շահառուների իրավունքները պաշտպանելու համար»,- ասաց Փաշինյանը: