Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանին կանչել են երկրի արտգործնախարարություն և հայտնել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը կատարելու և Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը: Այս մասին, ըստ «Արմենպրես»-ի, տեղեկացնում է Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON):
Նշվում է, որ Նիդերլանդների խորհրդարանական 13 խմբակցությունները գրավոր հարցեր են ուղղել երկրի արտգործնախարար Վոբկե Հոկստրային՝ կապված Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ին ընդունած որոշման հետ: Իր պատասխաններում Վոբկե Հոկստրան համաձայնել է խորհրդարանականների հետ՝ նշելով, որ Ադրբեջանը չի կատարում դատարանի որոշումը, համաձայն որի՝ այդ երկիրը պետք է իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցներն օգտագործի՝ ապահովելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով:
Խորհրդարանին ուղղված նամակում արտգործնախարարն ընդգծել է, որ միջազգային դատարանի որոշումներն իրավականորեն պարտավորեցնող են, հետևաբար, Նիդերլանդներն Ադրբեջանի իշխանություններին հանրային կերպով կոչ է արել կատարել որոշումը:
Ըստ հաղորդագրության՝ Նիդերլանդների արտաքին գերատեսչության ղեկավարը բազմիցս իր մտահոգություններն է հայտնել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի առնչությամբ, այդ թվում՝ Ադրբեջանի իշխանությունների հետ երկկողմ բանակցություններում, ինչպես նաև Նիդերլանդների վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև վերջերս տեղի ունեցած հանդիպման ընթացքում: FAON-ը նշել է, որ Նիդերլանդների արտգործնախարարն այդ մտահոգությունները փոխանցել է նաև Ադրբեջանի իր գործընկերոջ հետ մի քանի զրույցում: Այդ մտահոգություններն արտահայտվել են նաև տարբեր միջազգային համաժողովների ընթացքում, ԵՄ հայտարարությունների միջոցով:
Նիդերլանդների արտգործնախարար Հոկստրան նշել է, որ դատարանի որոշումը պետք է լիարժեք կատարվի: