ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 2022 թ․ ապրիլին նույն մարզի 56-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Մարտունի քաղաքի բնակչուհու կողմից՝ ամուսնու անհետանալու վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Գեղհովիտ բնակավայրի 25-ամյա բնակիչը, իր ունեցած պարտքերը մարելու համար, տարադրամի փոխանակմամբ զբաղվող իր ծանոթ, Գեղարքունիքի մարզի 56-ամյա բնակչի մոտ առկա դրամական միջոցները հափշտակելու նպատակով, նրան սպանելու դիտավորությամբ, 2022 թ. ապրիլի 4-ին` ժամը 18:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցում գտնվող շուկայի մոտակայքում հանդիպել է վերջինիս։ Որոշ ժամանակ անց 25-ամյա երիտասարդի «OPEL ZAFIRA 1.6» մակնիշի ավտոմեքենայով նրանք գնացել են դեպի Մարտունի քաղաքի Գետափնյա փողոցում գտնվող՝ չգործող մարզադաշտի հարակից հատված։ Հանցավոր մտադրությունն իրագործելով՝ ժամը 20:00-ի սահմաններում, 25-ամյա երիտասարդն ապօրինի իր մոտ պահած սառը զենք հանդիսացող որսորդական դանակով ավտոմեքենայի սրահում հարձակվել է տղամարդու վրա և հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով կրծքավանդակի, որովայնի, պարանոցի, դեմքի շրջանների բազմաթիվ կտրած-ծակած թափանցող և չթափանցող մարմնական վնասվածքներ։ Ստացած՝ կյանքի հետ անհամատեղելի վնասվածքների հետևանքով վերջինս մահացել է:
Դրանից հետո երիտասարդը հափշտակել է սպանվածի մոտ առկա առանձնապես խոշոր չափի՝ ընդհանուր 12 466 000 ՀՀ դրամին համարժեք արտարժույթ և ՀՀ թղթադրամներ, հանել նրա հագուստները և դիակը թաքցրել է Մարտունի քաղաքից դեպի հանրային լողափ տանող ճանապարհի՝ Հ.Հարությունյան փողոցի աջակողմյան անտառամերձ հատվածում գտնվող ծառերի մեջ։ Սպանությունից կարճ ժամանակ անց հափշտակված գումարի մի մասով նա մարել է ունեցած պարտքերի մի մասը:
Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա Գեղհովիտ բնակավայրի 25-ամյա բնակչին վերջնական մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (Սպանությունը) 2-րդ մասի 10-րդ կետով և 334-րդ հոդվածի (Ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է։ Վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննության առնելու։
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: