Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ տրանսֆերային գնագոյացման կարգավորումներում կատարվել են մի շարք փոփոխություններ։ Մասնավորապես, ՀՀ ՊԵԿ նախագահի հրամանի համաձայն, սահմանվել են տրանսֆերային գնագոյացման հաշվարկի ձևը, լրացման և ներկայացման կարգը, որն ուժի մեջ է մտել 2022 թվականի հոկտեմբերի 7-ից։ Տրանսֆերային գնագոյացման հաշվարկի ընդունումը թույլ է տալիս հարկ վճարողներին ճշգրտել շահութահարկի և ռոյալթիի բազաները՝ դրանք համապատասխանեցնելով պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին: Իրականացված փոփոխությունների շնորհիվ հարկ վճարողը կարող է ներկայացնել տրանսֆերային գնագոյացման հարկային հաշվարկը և վճարել միայն լրացուցիչ շահութահարկ և ռոյալթի՝ առանց լրացուցիչ տույժեր և տուգանքներ վճարելու:
Փոփոխվել է նաև վերահսկվող գործարքների մասին ծանուցման ձևը, ըստ որի ավելի մանրամասն տեղեկություն է ներկայացվում հարկ վճարողի կողմից իրականացված վերահսկվող գործարքների մասին։ Այն թույլ է տալիս իրականացնել առավել համակողմանի վերլուծություն, ինչը որոշ դեպքերում կարող է հանգեցնել տրանսֆերային գնագոյացման փաստաթղթավորման պահանջի նվազմանը:
Կոմիտեն հայտնում է, որ 2022 թվականին կատարված վերահսկվող գործարքները ենթակա են ծանուցման արդեն նոր ձևով։ Վերահսկվող գործարքների մասին ծանուցումները ներկայացվում են ամբողջովին էլեկտրոնային եղանակով՝ Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով։
Միաժամանակ, տրանսֆերային գնագոյացման կարգավորումներում իրականացված փոփոխությունների արդյունքում ընդունվել են մի շարք ենթաօրենսդրական ակտեր՝ տրանսֆերային գնագոյացման փաստաթղթավորումների տեսակների մասին, տրանսֆերային գնագոյացման համադրելիության վերլուծություններ իրականացնելու նպատակով կիրառվող՝ միջազգային առևտրային տվյալների բազաների ցանկը սահմանելու մասին, ինչպես նաև նախնական գնագոյացման պայմանավորվածության ձեռքբերման կարգը և պայմանները սահմանելու մասին:
Ենթաօրենսդրական ակտերը հասանելի են ՊԵԿ-ի պաշտոնական կայքում՝ «Ներքին իրավական ակտեր» բաժնում։
Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով գործող կարգավորումները, հորդորում է հարկ վճարողներին՝ աչալուրջ լինել և վերահսկվող գործարքների մասին ծանուցումները ներկայացնել օրենսդրությամբ սահմանված ժամկետում: