Խորհրդարանը չի դիմի Սահմանադրական դատարան՝ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները կասեցնելու հարցով. «Հայաստան» խմբակցության նախագիծը չհաստատվեց: Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցեց 30 պատգամավոր՝ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններից, խորհրդարանական մեծամասնությունը չմասնակցեց քվեարկությանը: Բարձր դատարան դիմելու համար անհրաժեշտ էր պատգամավորների ընդհանուր թվի ձայների 3/5-ը՝ 65 ձայն:
Մինչ քվեարկությունը օրենսդիրը հարցը մանրամասն քննարկեց, ծավալվեց բանավեճ: Հիմնական զեկուցողը նշեց՝ ներկայացված նախագծի հիմքում փաստաբաններ Արսեն Բաբայանի և Սոս Հակոբյանի համատեղ դիմումն է՝ հիմնավորված Մայր օրենքով և փաստական հանգամանքները հաստատող փաստաթղթերով:
Արծվիկ Մինասյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար) - Նշված իրավակարգավորումների համաձայն՝ ՍԴ դատավորը իրավունք չունի զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, և նման գործունեություն է համարվում անհատ ձեռնարկատեր լինելը: Սեդա Սաֆարյանը, 2022 թվականի սեպտեմբերի 15-ին ընտրվելով ՍԴ դատավոր և լինելով անհատ ձեռնարկատեր, պահպանել է իր այդ կարգավիճակը մինչև 2023 թվականի հունվարի 27-ը: Մինչդեռ ընտրվելուց հետո 30 օրվա ընթացքում Սեդա Սաֆարյանը պետք է դադարեցներ այս կարգավիճակը, պետք է պետական հաշվառումից դուրս գար:
Հարակից զեկուցող, կառավարող ուժի պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը հակադարձեց՝ Սեդա Սաֆարյանը 2022 թվականի նոյեմբերի 30-ին դիմել է Փաստաբանների պալատ՝ խնդրելով նույն թվականի դեկտեմբերի 8-ից կասեցնել փաստաբանական գործունեությամբ զբաղվելու հնարավորություն տվող իր արտոնագրի գործողությունը:
Արուսյակ Ջուլհակյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Դեկտեմբերի 15-ի որոշմամբ՝ Սեդա Սաֆարյանի փաստաբանական արտոնագրի գործողությունը կասեցվել է, ինչի հիման վրա դեկտեմբերի 19-ին որոշում է կայացվել փաստաբան Սեդա Սաֆարյանին ժամանակավորապես հանելու փաստաբանների ցուցակից: Վերը նշվածը վկայում է, որ Սեդա Սաֆարյանը ձեռնարկել է համապատասխան բոլոր միջոցները դեռևս դատավորի պաշտոնը ստանձնելուց առաջ՝ իր ձեռնարկատիրական գործունեության համար հիմք հանդիսացող փաստաբանական արտոնագրի գործողությունը կասեցնելու համար:
Դիմել Սահմանադրական դատարան և թույլ տալ, որ Բարձրագույն դատարանը պատասխանի՝ Սեդա Սաֆարյանը խախտում թույլ տվե՞լ է, թե՞ ոչ. ընդդիմադիրների ելույթների հիմնական ուղերձն էր: Իշխանությունն էլ պնդում էր՝ լեգիտիմ չեն հնչեցված մեղադրանքները, խախտում լիներ՝ ՔՊ-ն առաջինը կդիմեր ՍԴ: Բայց բանավեճը շարունակվեց:
Քրիստինե Վարդանյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր) - Ժողովո՛ւրդ ջան, 5 տարի ամբողջական իշխանություն եք ու պատերազմից մինչև ՍԴ-ի զավթումն ամբողջությամբ կրում եք պատասխանատվությունը: Ես հասկանում եմ, որ հիմա դահլիճում շատ եք, ոստիկանությունը, ուժայինները ձեզ են պաշտպանում, և այդ պատասխանատվության պահն ահավոր հեռու է ձեզ թվում, բայց այն անխուսափելի է, գալու է այդ պահը:
Ազգային ժողովի փոխխոսնակ Հակոբ Արշակյանը համաձայնեց՝ պատասխանատվության ժամը գալու է, ավելին, ըստ նրա, այն արդեն եկել է: Պնդեց՝ նախկինում պետությունից, բանակից թալանված բոլոր միջոցները վերադարձվելու են:
Հակոբ Արշակյան (ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ) - Մաքրելով՝ միանգամից երկու ուղղությամբ շարժում է տեղի ունենում, բայց՝ տարերային: Առաջին ուղղությամբ թիրախավորել են պետական պաշտոնյաներին՝ իրենց վարկային միջոցներով ձեռք բերած գույքը վերագրել որպես հարյուր հազարավոր դոլարների ունեցվածք: Երկրորդ բանը, որ տեղի է ունենում, թիրախավորվում է դատական համակարգը:
«Քաղաքացիական պայմանագրից» Անդրանիկ Քոչարյանն էլ շարունակեց պնդել, որ ընդդիմության՝ ՍԴ դիմելու որոշման հիմքում զուտ Սեդա Սաֆարյանի անձն է՝ ակնարկելով «Մարտի 1»-ի գործով Ռոբերտ Քոչարյանի մեղադրյալ լինելն ու նույն գործով Սեդա Սաֆարյանի փաստաբանական գործունեությունը:
Անդրանիկ Քոչարյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Խնդիրը Սեդա Սաֆարյանն է, որովհետև նրա գործունեությունը շարունակում է հանգիստ չտալ «Հայաստան» խմբակցության լիդեր Ռոբերտ Քոչարյանին, իսկ հարցը հիմա քննարկվում է, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի հոգու հանգստությունը բավարար լինի:
Խնդիրն իրավական է, պնդեց ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ հավելելով, եթե այլ հարթություն գնային, ապա կշեշտեին, որ Սեդա Սաֆարյանն իր ամուսնուն է նշանակել վարորդ:
Գեղամ Մանուկյան (ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր) - Սեդա Սաֆարյանի հետևից ոչ ոք չի ընկել, ուղղակի փորձ է արվում ՀՀ ՍԴ-ն պահել որպես ՍԴ: Երբ քաղաքացին որևէ հարցով դիմի ՍԴ, այդ որոշմանը որևէ վայրկյան չկասկածի, որ այսուհետ որևէ քաղաքացի դիմի ՍԴ՝ մերժում ստանա ու մինչև կյանքի վերջ ատի այդ դատարանը՝ ասելով, որոշում եմ կայացնում, բայց ձեր անդամը օրենքի խախտումով ՍԴ անդամ է հանդիսացել:
Հայկ Կոնջորյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար) - 2003 թվական, կեղծված նախագահական ընտրություններից հետո Ռոբերտ Քոչարյանը զավթում է նախագահի աթոռը, Սահմանադրական դատարանը կայացնում է որոշում, որ քանի որ հասարակության մեջ խաթարված է վստահությունը, առաջարկում է մեկ տարվա ընթացքում անցկացնել վստահության հանրաքվե, որպեսզի վերականգնվի հասարակական համերաշխությունը: ՍԴ-ի կայացրած այս որոշումը ոտնահարվում է, և չի իրականացվում Ռոբերտ Քոչարյանի և իր իշխանության կողմից։ Դուք, որ տարիներ շարունակ ասպատակել եք Սահմանադրական դատարանը և սահմանադրականությունը, այսօր եկել եք սահմանադրական իրավունքի կանթեղն եք այստեղ բարձր պահում, վառ պահում:
Այն, ինչ տեղի է ունենում հիմա Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ, այլ բան, քան պայքար, որը նախաձեռնել է ապօրինի գույքի պաշտպանության ճակատը, չի կարելի: Սա էլ «Քաղաքացիական պայմանագրից» Վահագն Ալեքսանյանի գնահատականն է՝ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությանը:
Վահագն Ալեքսանյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Մեր քաղաքական թիմն ընդունել էր «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենք, դրանից հետո ընդդիմադիր խմբակցությունները դիմել էին Սահմանադրական դատարան՝ պահանջելով օրենքն ամբողջությամբ ճանաչել Սահմանադրությանը հակասող, բայց այս օրենքի գործունեության շրջանակներում այս պահի դրությամբ պահանջվում է այդ անձանցից բռնագանձել 269 անշարժ գույք, 59 շարժական գույք, 62 միլիարդ ՀՀ դրամ, 59 ընկերություններում փայաբաժիններ, այս պահի դրությամբ այդ ամենն ընդհանուր թվով կազմում է 150 միլիարդ դրամ: Որպես ԱԺ պատգամավոր՝ պահանջում եմ, որպեսզի ընդդիմադիր խմբակցությունից այն պատգամավորները, որոնք անցնում են «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքով, հայտնեն շահերի բախման մասին և չմասնակցեն համապատասխան քվեարկությանը:
Խորհրդարանը այսօր քվեարկեց և հաստատեց նաև քննարկված նախագծերը:
Հեղինակ՝ Անի Օհանյան