ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, լրագրողների հարցերին ի պատասխան, այսօր խորհրդարանում անդրադարձել է նաև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի բնակարանի ձեռքբերման հանգամանքներին:
«Ինձ թվում է, օրինակ, Հովիկ Աբրահամյանի տան ոսկեզօծ զուգարանակոնքը շատ ավելի թանկ արժի, քան որոշ պաշտոնյաների՝ 20 տարի մարելիք հիփոթեքով բնակարանները: Իմ օրինակով համեմատեմ. մինչև պատգամավոր դառնալս ունեցել եմ մեկ մեքենա, մինչև հիմա ունեմ այդ նույն մեքենան: Անշարժ գույք չունեմ, մտածում եմ՝ մեր գործընկերների և ձեր գործընկերների նման հիփոթեքով բնակարան գնելու մասին:
Նույն Սուրեն Պապիկյանի տան մասին, որ ասում եք, այդ հոդվածը կարծեմ «Հետքն» էր տպագրել, ուզում եմ նաև շնորհավորել «Հետքի» փոխտնօրենին, որը ևս նույն «Բյուրեղ» բնակարանային համալիրում ունի բնակարան:
Այսինքն՝ ՀՀ-ում լրագրողները, գնելով բնակարաններ նախարարների հետ նույն շենքերում, նույն հիփոթեքային պայմաններով, նախարարներին մեղադրում են կոռուպցիայի մեջ:
Եթե լրագրողների աշխատավարձը Հայաստանում նախարարների աշխատավարձից այսուհետ բարձր է, դա ինձ շատ հետաքրքիր է»,- ասել է պատգամավորը: