Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների հարցերով համակարգող Ջոն Քիրբին խոսել է Ռուսաստանի և Չինաստանի միջև բանակցությունների արդյունքների մասին, որոնք տեղի ունեցան երեքշաբթի՝ մարտի 21-ին։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»։
Նրա կարծիքով՝ մեծ ակնկալիքներ չկան, որ Չինաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումով Ուկրաինայում ռազմական գործողությունները շուտով կավարտվեն:
Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցության համակարգողը նշել է, որ Չինաստանի դիրքորոշումը Ուկրաինայում պատերազմի հարցում անաչառ չէ: Նրա համոզմամբ՝ եթե Չինաստանը ցանկանում է կառուցողական դեր խաղալ Ուկրաինայում շարունակվող հակամարտության հարցում, պետք է Ռուսաստանին կոչ անի դադարեցնել ներխուժումը հենց այսօր:
Քիրբին նաև հայտարարել է, որ չնայած Չինաստանի նախագահ Սի Ծինփինի Մոսկվա կատարած այցին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստ է հաղորդակցվել Պեկինի հետ: Մարտի 20-ին Սպիտակ տունը հայտնել էր, որ նախագահ Ջո Բայդենի և Սի Ծինփինի հեռախոսազրույց դեռ նախատեսված չէ, սակայն ամերիկացի առաջնորդը կցանկանար, որ այն կայանա։