Եվրամիության երկրներից Իտալիան, Հունաստանը և Բուլղարիան 2022 թվականին Ադրբեջանից 15 մլրդ 598 միլիոն եվրոյի բնական գազ են ներկրել: Ըստ վիճակագրության՝ 2021 թվականին Ադրբեջանից ԵՄ երկրներ ներկրվել է 3 մլրդ 892 մլն եվրոյի գազ՝ չորս անգամ պակաս 2022-ի համեմատ: 2022 թվականին Իտալիան Ադրբեջանից գազ գնելու համար ծախսել է 13 միլիարդ 253 միլիոն եվրո, Հունաստանը՝ 1 միլիարդ 962 միլիոն եվրո, Բուլղարիան՝ 383 մլն եվրո: 2022 թվականին Ադրբեջանը գազի արտահանումն ավելացրել է 18%-ով՝ մինչև 22,3 մլրդ խմ, Եվրոպա մատակարարումները կազմել են 11,4 մլրդ խմ:
2023 թվականին Ադրբեջանը նախատեսում է արտահանել ավելի քան 24 մլրդ խմ գազ, որից առնվազն 12 մլրդ խորանարդ մետրը՝ Եվրոպա։ Ներկայումս Եվրոպայում ադրբեջանական գազի գնորդներն են Իտալիան, Հունաստանը, Բուլղարիան և Ռումինիան։
ՊՈՒՏԻՆԸ՝ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉՈՎ ԶԵՆՔԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Մոսկվան ստիպված կլինի պատասխանել Կիևին միջուկային բաղադրիչով զենքի մատակարարմանը։ Այսպես է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արձագանքել Ուկրաինայի զինված ուժերին սպառված ուրան պարունակող արկեր մատակարարելու ծրագրերի մասին լուրերին։ Երեկ Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Անաբել Գոլդին հայտարարել է, որ Լոնդոնն Ուկրաինային կփոխանցի ուրան պարունակող արկերի խմբաքանակ՝ որպես ռազմական օգնության փաթեթի մաս։ Այդ արկերի հիմնական վտանգը, ըստ փորձագետների, ժամանակի ընթացքում զինամթերքից արտանետվող փոշին է, որը տեսականորեն կարող է աղտոտել շրջակայքը կամ թունավորել մարդուն:
Թեմային անդրադարձել է նաև Ռուսաստանի արտգործնախարարության հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նրա խոսքով այդ որոշումը բացարձակ անխոհեմության, անպատասխանատվության, Լոնդոնի և Վաշինգտոնի անպատժելիության հետևանք է: «Սա բրիտանական հերթական սադրանքն է, որն ուղղված է Ուկրաինայի շուրջ իրավիճակը ագրեսիայի, հակամարտությունների և առճակատման նոր փուլի հասցնելուն՝ որակապես այլ հարթություն տալու համար»,- ընդգծել է դիվանագետը։
ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՉԻՆԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ
Կրեմլից մանրամասներ են հայտնել Վլադիմիր Պուտին - Սի Ծինփին հանդիպումից: Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Չինաստանի և Ռուսաստանի նախագահները Կրեմլում բանակցությունների ժամանակ չեն քննարկել Ուկրաինայում իրավիճակի կարգավորման Կիևի առաջ քաշած ծրագիրը։ Պեսկովի խոսքով՝ քննարկումների առանցքում եղել է ուկրաինական հիմնահարցի կարգավորման չինական տարբերակը:
Դմիտրի Պեսկովը Չինաստանի նախագահի՝ Մոսկվա այցին Արևմուտքի արձագանքը որակել է որպես թշնամական և շեշտել, որ ռուսական կողմի համար առաջնայինը բանակցությունների արդյունքներն են, այլ ոչ թե արձագանքները:
ՌԴ-Ն ԵՎ ՎՐԱՍՏԱՆԸ ՄՈՏ ԵՆ ԱՎԻԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆԸ
Ռուսաստանը և Վրաստանն ուղիղ ավիահաղորդակցության վերականգնմանը, ինչպես նաև վիզային ռեժիմի չեղարկմանը մոտ են՝ հայտարարել է Պետդումայի ԱՊՀ-ի, եվրասիական ինտեգրման գործերով և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը: «Ռուսաստանի և Վրաստանի միջև տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները» տնտեսական համաժողովում Կալաշնիկովը նշել է, որ դժվարանում է ասել, թե երբ այդ լուծումները կլինեն և ինչ հաջորդականությամբ։ Ավելի վաղ ՌԴ փոխարտգործանախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել էր, որ Ռուսաստանը չի բացառում վիզային ռեժիմի չեղարկումը Վրաստանի քաղաքացիների համար, եթե դրա համար պայմաններ ստեղծվեն։
11 ՀԱՅՏ՝ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ
Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը մայիսի 14-ին կայանալիք ընտրություններում Թուրքիայի նախագահի սեփական թեկնածու չի առաջադրի՝ հայտնել է կուսակցության համանախագահը: Ավելի վաղ կուսակցության ղեկավարությունը ակնարկել էր, որ ընտրություններում հնարավոր է աջակցեն ընդդիմադիր թեկնածուին՝ Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին։
Ըստ վերլուծաբանների՝ ընդդիմության առաջնորդն ու Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կլինեն հիմնական հավակնորդները նախագահի պաշտոնի համար պայքարում։ Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ստացել 11 թեկնածուից։ Մինչև մարտի 27-ը թեկնածուներից յուրաքանչյուրը պետք է ԿԸՀ ներկայացնի 100 հազար ընտրողների ստորագրությամբ արձանագրություն՝ վերջնական առաջադրման համար։