Հայաստանից Ռուսաստան մեկնող աշխատանքային միգրանտների թիվը նվազել է: Ռուսաստանի միգրացիոն ֆեդերալ ծառայության տվյալներով՝ եթե 2021 թվականին աշխատանքի նպատակով Ռուսաստան է մեկնել մոտ 390 հազար Հայաստանի քաղաքացի, ապա 2022-ին՝ 332 հազար:
Զուգահեռ աճել է միգրացիոն հաշվառումից հանվածների թիվը։ Տնտեսագետ Գագիկ Մակարյանը արտագնա աշխատանքի մեկնողների թվի նվազումը պայմանավորում է Ռուսաստանի տնտեսական իրավիճակով և մեր երկրում տնտեսության ակտիվացմամբ:
Գագիկ Մակարյան (տնտեսագետ) - Հայաստանի տնտեսությունը կլանում է աշխատուժ, շինարարությունը, պետական գնումների ոլորտ, Հայաստանի տնտեսության այլ ճյուղեր են սկսել զարգանալ:
ԵԱՏՄ երկրներից արտագնա աշխատանքի մեկնողների համար Ռուսաստանը նոր կանոններ է սահմանել: Աշխատանքային միգրանտն ունի 30 օր Ռուսաստանում միգրացիոն հաշվառման կանգնելու համար, զուգահեռ պետք է բուժզննում անցնի ու մատնահետք հանձնի։ Միգրանտները պետք է գումար վճարեն նաև բժշկական ապահովագրության համար։ Հարկային բեռն ավելացել է ճիշտ այնքան, որքան Ռուսաստանի քաղաքացիների համար։ Որքան երկար է միգրանտը առանց միգրացիոն հաշվառման գտնվում ՌԴ-ում, այնքան երկար է տևելու նրա մուտքի արգելքի ժամկետը:
Տաթևիկ Բեժանյան («Հայկական կարիտաս» ՀԿ միգրացիոն ծրագրի փորձագետ) - Ունենք նաև մուտքի արգելք ունեցող բազմաթիվ քաղաքացիներ:
Տաթևիկ Բեժանյանի կարծիքով՝ միտումը կշարունակվի, և այս տարի ևս Հայաստանից ավելի քիչ աշխատանքային միգրանտ կմեկնի Ռուսաստան:
Տաթևիկ Բեժանյան - Կպահպանվի, եթե ավելին չլինի:
Ընդհանուր առմամբ, 2022 թվականին Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած օտարերկրյա քաղաքացիների թիվը հասել է 3,47 միլիոնի, ինչը 2021 թվականի համեմատ 871 հազարով ավելի է։
Ավելի քան 90%-ը ժամանել է Ուզբեկստանից, Տաջիկստանից և Ղրղզստանից։ Ուզբեկստանից մեկնողների քանակն աճել է 35,1%-ով կամ 377,7 հազար մարդով, Ադրբեջանից աճել է 21,1%-ով կամ 16,6 հազար մարդով, Թուրքիայից՝ 12,9%-ով կամ 2 հազար մարդով:
Հեղինակ՝ Վրույր Մկրտչյան