ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այսօր ընդունել է հայ oպերային երգիչ, բաս, Հայաստանի ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանին և Վիեննայի Բեթհովեն կոնսերվատորիայի տնօրեն Սիրանուշ Գալոյանին:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
Սիրանուշ Գալոյանը մասնագիտությամբ երաժիշտ է, երկար տարիներ ապրում է Ավստրիայում: Երկու տարի առաջ Ավստրիայի մայրաքաղաքում հիմնել է Վիեննայի Բեթհովեն կոնսերվատորիան:
Կոնսերվատորիայի հովանավորն է գերմանական Bechstein համերգային դաշնամուրներ արտադրող ընկերությունը, որի հետ Սիրանուշ Գալոյանը նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել՝ Հայաստանի երաժշտական կրթական հաստատություններին ավելի քան 30 ռոյալ կամ դաշնամուր նվիրաբերելու հարցում:
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը նկատել է, որ քայլն ընդունելի է, և խրախուսել, առաջարկել շարունակել հանդիպումներն ու քննարկումները, ներկայացնել ավելի դետալային ծրագիր և համագործակցությունը տեղափոխել գործնական դաշտ:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ Հայաստանում այս պահին 166 արվեստի, գեղարվեստի և երաժշտական դպրոց է գործում, որից 27-ը՝ մայրաքաղաքում:
Դպրոցներից 124-ի համար վերջին տարիներին ձեռք է բերվել 659 երաժշտական գործիք՝ 22 դաշնամուր, 171 լարային, 137 փողային գործիքներ, 329 ազգային նվագարաններ:
Ըստ նախարարի՝ որակյալ երաժշտական գործիքների, մասնավորապես՝ դաշնամուրների կարիք միշտ կա՝ երաժշտական դպրոցից մինչև անգամ բարձրագույն ուսումնական հաստատությունների համար:
Սիրանուշ Գալոյանը մանրամասնել է, որ դաշնամուրների նվիրաբերությունը առաջին քայլն է: Նպատակ կա Հայաստանի հետ գործակցությունը ավելի խորացնել՝ մրցույթների անցկացում, ուսանողների փոխանակման ծրագիր կրթական հաստատությունների միջև:
Նպատակ կա բարենպաստ պայմաններ ստեղծել, որ Հայաստանից երիտասարդները կարողանան կրթություն ստանալ նաև Վիեննայի Բեթհովեն կոնսերվատորիայում: