ԹԵՀՐԱՆԸ՝ ՀԱՍՏԱՏՈՒՆ ԵՎ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ. ԻՐԱՆԻ ԱԳ ՓՈԽՆԱԽԱՐԱՐ
Թեհրանի համար հարևանության ամրապնդումն առանցքային է, Կովկասյան տարածաշրջանը՝ առաջնահերթություն: Երկօրյա աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանին վերահաստատում է Իրանի դիրքորոշումը:
Ընդգծում է՝ Հայաստանը Իրանի արտաքին քաղաքականության հարևանության հայեցակարգում կարևոր տեղ է զբաղեցնում:
Ալի Բաղերի Քանի (Իրանի փոխարտգործնախարար) - Ես Հայաստանում եմ իմ հայ գործընկերոջ հրավերով: Երեկ և այսօր մենք շատ արդյունավետ քննարկումներ ենք ունեցել Հայաստանի ԱԳ նախարարի և փոխնախարարի հետ: Հանդիպումների ընթացքում ընդգծվել է Իրանի կայուն դիրքորոշումը տարածաշրջանում խաղաղության ապահովման գործում: Նշել ենք, որ Իրանը տարածաշրջանում միշտ հաստատուն և վստահելի գործընկեր է խաղաղության և անվտանգության հաստատման գործում:
Իրանի արտաքին գործերի փոխնախարարն ընդգծում է՝ տարածաշրջանի երկրները և ոչ թե օտար ուժերն են տարածաշրջանի համար խաղաղության երաշխավոր:
ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ՝ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՄԻՋՈՑ
Անդրադառնալով դիտարկմանը, որ Ադրբեջանը շարունակում է օկուպացված պահել Հայաստանի տարածքները, 100 օր շրջափակված է պահում Լաչինի միջանցքը, շարունակում է ռազմատենչ հռետորաբանությունը՝ Հայաստանի առանձին տարածքների վերաբերյալ գործածելով «Արևմտյան Ադրբեջան», Իրանի առանձին շրջանների մասով՝ «Հարավային Ադրբեջան» կեղծ թեզերը՝ Ալի Բաղերի Քանին շեշտում է՝ Իրանն իր ողջ ներուժը կօգտագործի խաղաղ երկխոսության միջոցով խնդիրների լուծմանը նպաստելու համար:
Ալի Բաղերի Քանի - Աստված դիվանագետներին ստեղծել է, որ խաղաղ երկխոսությունների միջոցով կարողանան հասնել կայունության: Ենթադրում եմ, որ տարածաշրջանի երկրների ղեկավարներն այնքան խելամիտ են, որ խաղաղության հասնելու համար կընտրեն երկխոսության տարբերակը:
ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԸ
Հայ-իրանական օրակարգը վերջին տարիներին բավական ընդլայնվել է, որի արդյունքում էլ ավելի ինտենսիվ են դարձել Հայաստանի և Իրանի միջև խորհրդակցությունները՝ նշում է Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը:
Վահան Կոստանյան (ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ ) - Այն իր մեջ ներառում է թե տնտեսական բազմաթիվ ծրագրեր, որոնք փորձում ենք կյանքի կոչել համատեղ ուժերով, թե փորձում ենք միմյանց ավելի ընկալելի դարձնել դիրքորոշումները՝ միջազգային և տարածաշրջանային անվտանգության հետ կապված:
Այս խորհրդակցությունների ընթացքում էլ են քննարկվել Հայաստան-Իրան օրակարգի բոլոր հարցերը՝ մանրամասնում է Կոստանյանը:
Վահան Կոստանյան - Անդրադարձ է կատարվել ամբողջ օրակարգին, այդ թվում՝ տարածաշրջանային անվտանգության հարցերին: Հատկապես վերջին օրերի ընթացքում ԱԳՆ-ն նաև իր կողմից տարածված հաղորդագրությունների միջոցով ներկայացնում է այն իրավիճակը, որ ստեղծվել է տարածաշրջանում, և Ադրբեջանի սադրիչ գործողությունների փորձերը, որոնք միտված են էլ ավելի ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը:
Շեշտում է՝ այդ ամբողջը հանգամանալից ներկայացվել է նաև իրանցի գործընկերներին: Փոխնախարարն անհրաժեշտ է համարում, որ խորհրդակցությունները չընդհատվեն, պարբերական լինեն: