ԲԼԻՆՔԵՆԸ ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵԼ Է ԼԱՉԻՆԻ ԱՊԱՇՐՋԱՓԱԿՄԱՆ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ: Պետքարտուղարության հաղորդման համաձայն` պետքարտուղար Բլինքենը զանգահարել է Իլհամ Ալիևին՝ առաջարկելու ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը Հայաստանի հետ երկկողմ խաղաղ բանակցությունների հարցում: «Նա հորդորել է հասնել չկարգավորված խնդիրների լուծմանը և ընդգծել, որ այդ խնդիրները չունեն ռազմական լուծում։ Բլինքենը վերահաստատել է Լաչինի միջանցքի վերաբացման կարևորությունը առևտրային և մասնավոր ավտոմեքենաների համար։ Պետքարտուղարը նշել է, որ Միացյալ Նահանգները ակնկալում է Ադրբեջանի հետ շարունակական համագործակցություն խաղաղ գործընթացում:
ԱՄՆ-Ը ՊԱՏՐԱՍՏ Է ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ԱՋԱԿՑԵԼ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ. ՊԱՏԵԼ
ԱՄՆ-ը պատրաստ է շարունակելու աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման բանակցություններին՝ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի փոխխոսնակ Վեդանտ Պատելը: Լրագրողի հարցին՝ արդյոք պետքարտուղարը բարձրաձայնե՞լ է Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված խնդիրները, Պատելն ասել է, որ չի պատրաստվում խորանալ դիվանագիտական շփումների մեջ, միաժամանակ շեշտելով՝ ամերիկյան կողմը մարդու իրավունքների խնդիրը պարբերաբար բարձրացնում է բոլոր գործընկերների հետ, այդ թվում՝ Հարավային Կովկասում:
ԱՎԱՐՏՎԵԼ Է ՉԻՆԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՅՑԸ ՄՈՍԿՎԱ
Ավարտվել է Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի այցը Մոսկվա։ Այն տևել է երեք օր: Սա Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ղեկավարի պաշտոնում երրորդ անգամ վերընտրվելուց հետո Սի Ծինփինի օտարերկրյա առաջին այցն էր։ Օդանավակայանում Չինաստանի նախագահին ճանապարհել են հանդիսավոր արարողությամբ։ Բարձրացվել են Չինաստանի և Ռուսաստանի պետական դրոշները, հնչել են օրհներգերը։ Այցի առաջին օրը Չինաստանի ղեկավարն ու Վլադիմիր Պուտինը ոչ պաշտոնական հանդիպում են անցկացրել։ Երեկ Կրեմլի Մեծ պալատում երկու երկրների ղեկավարների միջև բանակցություններ են տեղի ունեցել ընդլայնված կազմով, որից հետո Ռուսաստանն ու Չինաստանը համատեղ հայտարարություն են տարածել, որում արձանագրել են, որ երկկողմ հարաբերությունները հասել են երբևէ ամենաբարձր մակարդակի, ինչը, սակայն, ուղղված չէ որևէ այլ երկրի դեմ: Հանդիպումից հետո Սին և Պուտինը ստորագրել են հայտարարություն տնտեսական համագործակցության պլանների և գործընկերության խորացման ծրագրերի մասին:
ՉԻՆԱՍՏԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆ ԱՆԱՉԱՌ ՉԷ. ՔԻՐԲԻ
Չինաստանի նախագահի՝ Մոսկվա կատարած այցի վաշինգտոնյան արձագանքները շարունակվում են: Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խոսնակ Ջոն Քիրբին նշել է, որ Չինաստանի դիրքորոշումը Ուկրաինա ռուսական ներխուժման շուրջ անաչառ չէ: Նրա համոզմամբ՝ եթե Չինաստանը ցանկանում է կառուցողական դեր խաղալ Ուկրաինայում շարունակվող հակամարտության հարցում, ապա պետք է Ռուսաստանին կոչ անի դադարեցնել ներխուժումը հենց այսօր: Քիրբին նաև հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, չնայած Չինաստանի նախագահ Սի Ծինփինի Մոսկվա կատարած այցին, կշարունակի բաց պահել Չինաստանի հետ հաղորդակցության ուղիները:
ՃԱՊՈՆԻԱՆ 470 ՄԼՆ ԴՈԼԱՐ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ
Ճապոնիան 470 միլիոն դոլար օգնություն կտրամադրի Ուկրաինային էներգետիկ և այլ կարիքների համար, ևս 30 միլիոն դոլար՝ ոչ մահաբեր սարքավորումների համար՝ Կիև կատարած այցից հետո հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդան: «Ճապոնիան կլինի Ուկրաինայի կողքին այնքան ժամանակ, քանի դեռ խաղաղությունը չի վերադարձել ուկրաինական հող»,- ասել է Ֆումիո Կիշիդան բանակցություններից հետո Վոլոդիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Ճապոնիայի վարչապետը նաև վերահաստատել է, որ Տոկիոն կշարունակի աջակցել գործընկերներին Ռուսաստանի դեմ սահմանվող պատժամիջոցների հարցում: Համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Ուկրաինայի նախագահը նշել է, որ Կիշիդայի հրավերով հեռավար ձևաչափով կմասնակցի մայիսին Ճապոնիայում կայանալիք G7-ի գագաթնաժողովին: Ճապոնիայի վարչապետը Ուկրաինա էր ժամանել մարտի 21-ին։
11 ՀԱՅՏ՝ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ
Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ստացել 11 թեկնածուից։ Քաղաքական գործիչներն ավելի վաղ էին դիմել ընտրություններին մասնակցելու համար։ Հանձնաժողովը քննել է նախապես ստացված հայտերը և որոշել, որ այդ անձինք օրինական հիմքեր ունեն մասնակցելու մայիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրություններին։ Մինչև մարտի 27-ը թեկնածուներից յուրաքանչյուրը պետք է ԿԸՀ ներկայացնի 100 հազար ընտրողների ստորագրությամբ արձանագրություն՝ վերջնական առաջադրման համար։ Երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ևս պաշտոնապես դիմել էր ԿԸՀ՝ առաջիկա ընտրություններում որպես նախագահի թեկնածու գրանցվելու համար։ Թուրքիայում մայիսի 14-ին խորհրդարանական ընտրությունների հետ մեկտեղ տեղի կունենան նախագահական ընտրությունները։