ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր ընդունել է ավստրիական խոշորագույն «Թամակ հոլդինգ» ընկերության ներկայացուցիչներին։
Հանդիպման ընթացքում հյուրերը ներկայացրել են ընկերության գործունեությունը։ Մասնավորապես նշվել է, որ այն զբաղվում է հավաքովի տների, ցեմենտատաշեղային տախտակների և այլ շինանյութերի արտադրությամբ:
Ընկերությունը հետաքրքրված է Հայաստանում ներդրումներ կատարել շինարարության և զբոսաշրջության ոլորտներում։
Վահան Քերոբյանը ներկայացրել է Կառավարության կողմից իրականացվող այն ծրագրերը, որոնք միտված են այդ երկու ոլորտների զարգացմանը, նշելով, որ Հայաստանի Կառավարությունը 2023 թվականին զբոսաշրջության զարգացման բյուջեն զգալիորեն ավելացրել է՝ 200 մլն դրամից հասցնելով 1 միլիարդի։
Նախարարը նաև հավելել է, որ ՀՀ Կառավարությունն իրականացնում է նաև տնտեսության արդիականացման միջոցառումը, որի շրջանակներում սուբսիդավորվում է ֆինանսական ծախսերի մեծ մասը՝ վարկային կամ լիզինգի տոկոսները:
Անդրադարձ է կատարվել նաև այս երկու ոլորտներում փորձի փոխանակման անհրաժեշտությանը։