Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եվրոպայի կախվածությունը ռուսական նավթից և գազից «անցյալում է»։ Սակայն ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյաներից մինչև Եվրախորհրդարանի պատգամավորներ ու ոլորտի մասնագետներ պնդում են, որ պատմության այդ գլուխը դեռ գրվում է, գրում է Politico-ն:
Ռուսական ածխաջրածինների, հատկապես նավթի զգալի ծավալներ շարունակում են հոսել եվրոպական շուկա՝ շրջանցելով պատժամիջոցները։
ԵՄ-ն հիմնականում արգելել է ռուսական հանածո վառելիքի օգտագործումը 2022 թվականի փետրվարին Ուկրաինայում սկսված պատերազմից հետո, բացառությամբ սահմանափակ քանակությամբ խողովակաշարային հում նավթի և գազի, հեղուկ բնական գազի և նավթամթերքի: Սակայն ռուսական հում նավթի մեծ ծավալները, որոնք եկամտի ավելի մեծ աղբյուր են, քան գազը, դեռևս մատակարարվում են համաշխարհային շուկաներ, և որոշ փորձագետներ կասկածում են, որ դրանք եվրոպական շուկա են մտնում միջնորդների միջոցով:
Եվրոպա տանող հնարավոր ուղիներից մեկն անցնում է Ադրբեջանի տարածքով, որը սահմանակից է Ռուսաստանին և հանդիսանում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի մեկնարկային կետը, որը ղեկավարում է BP-ն: Թուրքիայի Ջեյհան նավահանգիստը մատակարարման խոշոր հանգույց է, որից հում նավթը ուղարկվում է Եվրոպա: Այն նաև մեծ քանակությամբ գազ է ստանում Իրաքից Քիրքուք-Ջեյհան խողովակաշարով:
Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Եվրախորհրդարանի արդյունաբերության, հետազոտությունների և էներգետիկայի հանձնաժողովի անդամ Ֆրանսուա Բելամին կասկածներ է հայտնել այս երթուղու վերաբերյալ։ Տվյալները ցույց են տալիս, որ Ադրբեջանն օրական արտահանել է 242.000 բարել ավելի, քան արտադրել է անցյալ տարվա ապրիլ-հուլիս ամիսներին, մինչդեռ, ըստ պաշտոնական տվյալների, երկարաժամկետ կտրվածքով ներքին արտադրությունը նվազում է:
«Ինչպե՞ս կարող է երկիրը նվազեցնել արտադրությունը և միաժամանակ ավելացնել արտահանումը։ Թվերի մեջ միանգամայն անհամապատասխանություն կա, և դա կասկածներ է առաջացնում, որ պատժամիջոցները շրջանցվում են»,- ասել է Բելամին:
Միևնույն ժամանակ, Թուրքիան նախորդ տարի կրկնապատկել է ռուսական նավթի իր ուղղակի ներմուծումը և հրաժարվել պատժամիջոցներ կիրառել, չնայած Ուկրաինային այդ նույն ժամանակ ռազմական և հումանիտար օգնություն է առաջարկել։
Էներգետիկայի և մաքուր օդի հետազոտությունների ֆիննական կենտրոնը (CREA) անցյալ տարեվերջին նախազգուշացրել էր, որ «ռուսական նավթի համար դեպի ԵՄ նոր ուղի է բացվում Թուրքիայով, և այն ավելի ու ավելի տարածված ուղղություն է դառնում: Այնտեղ ռուսական նավթը վերամշակվում է նավթամթերքի, վերածվում է պատժամիջոցների ոչ ենթակա ապրանքատեսակի և հետագայում վաճառվում է»:
Երկուշաբթի էլ բրիտանական Global Witness հասարակական կազմակերպությունը հրապարակել է զեկույց, որում ասվում է, որ ռուսական նավթը հետևողականորեն վաճառվում է անցյալ տարվա դեկտեմբերին G7-ի կողմից սահմանված 60 դոլարի շեմից շատ բարձր գներով: