Մարտի 21-ին ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը հանդիպել է Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական, գլխավոր քարտուղարի տեղակալ Ալիս Վաիրիմու Նդերիտուի (Alice Wairimu Nderitu, Special Advisor of the UN Secretary-General on the Prevention of Genocide) հետ՝ քննարկելու Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը և Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ցեղասպան մտադրությունների դրսևորումները:
Շեշտվել է, որ 100 օր շարունակվող շրջափակումը Ադրբեջանի կողմից հայերի հանդեպ տարվող էթնիկ զտումների քաղաքականության վառ արտահայտություն է, ինչի մասին նախորդ տարվա դեկտեմբերի վերջից ի վեր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և հատուկ խորհրդականին պարբերաբար տեղեկատվություն է տրամադրվել հայկական կողմից։
Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականի գրասենյակի մշակած «Ոճրագործությունների վերլուծության շրջանակ. Կանխարգելման գործիքակազմ» (Framework of Analysis for Atrocity Crimes: A tool for prevention) փաստաթղթով սահմանված՝ զանգվածային ոճրագործության նախանշան հանդիսացող գործոններին։
Անդրադառնալով Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժ ապահովելու վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշմանը՝ Մհեր Մարգարյանը շեշտել է, որ Ադրբեջանի կողմից դրա իրականացումից հրաժարվելն ի ցույց է դնում միջազգային պարտավորությունների հանդեպ վերջինիս բացահայտ արհամարհանքը՝ նշելով զանգվածային ոճրագործության բոլոր նախանշանների առկայության պայմաններում ՄԱԿ-ի կողմից վաղ ահազանգման մեխանիզմների գործարկման անհրաժեշտությունը։