Ադրբեջանը փորձում է խաղաղության հաստատման գործընթացը տանել փակուղի՝ հետապնդելով Արցախի բնակչության ցեղասպանության քաղաքականություն, Հայաստանի ինքիշխան տարածքների նկատմամբ կիրառելով ագրեսիա. խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, թե խաղաղության պայմանագիր կստորագրվի միայն իր պայմանները ընդունելու պարագայում, Ալեքսանյանը նշել է՝ իր հավատամքն այն է, որ Հայաստանը պիտի հասնի խաղաղության՝ հենց առաջին հերթին ի հեճուկս ադրբեջանական կողմի մղումների, որոնք այս պահի դրությամբ բավական ռազմատենչ են:
«Հույս ունենք, որ դա հնարավորինս շուտ տեղի կունենա, բայց դրա հետ մեկտեղ վստահ ենք ու մեզ պարտավորված ենք համարում ստորագրելու այնպիսի խաղաղության պայմանագիր, որը հենց կհամապատասխանի իր վերնագրին և կբերի խաղաղություն, և ոչ թե հերթական քարտ բլանշը կտա Ադրբեջանին»,- ասել է պատգամավորը: