Ազգային ժողովը մերժեց Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին «Հայաստան» խմբակցության ներկայացրած որոշման նախագիծը:
Նախաձեռնությունը ներկայացրել էր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցեց ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների 30 պատգամավոր: Խորհրդարանական մեծամասնությունը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», չմասնակցեց քվեարկությանը:
Ընդդիմադիրները պնդում էին, որ Սեդա Սաֆարյանը, լինելով արդեն Սահմանադրական դատարանի դատավոր, չի դադարեցրել ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել, կառավարող ուժը հակադարձում էր՝ ընդդիմադիրների փաստարկները համոզիչ չեն:
Հարցն ԱԺ նիստում քննարկվել էր առանց ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցության:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հարցի վերաբերյալ տվել էր բացասական եզրակացություն:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 109-րդ հոդվածի 2-րդ մասին համաձայն՝ ՍԴ դատավորի լիազորությունների դադարեցման հարցով Սահմանադրական դատարան կարող է դիմել ԱԺ գաղտնի քվեարկությամբ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով ընդունված որոշմամբ:
Հեղինակ՝ Անի Օհանյան