«Սուրմալու» առևտրի կենտրոնն անորոշ ժամանակով փակ է: Մարտի 3-ին իրականացրած ստուգումներից հետո նման որոշում է կայացրել Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը: Կառույցը առևտրի կենտրոնում ավելի քան 5 տասնյակի հասնող խախտումներ է արձանագրել:
Կարեն Կարապետյան (ՔՏՀԱ տեսչական մարմնի Երևանի տեխնիկական և հրդեհային անվտանգության բաժանմունքի պետ) - Իրականացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ օբյեկտում առկա են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների խախտումներ, մասնավորապես դրանք վերաբերում են էլեկտրական տնտեսության հետ կապված հարցերին, ջրամատակարարման, ավտոմատ հրդեհաշիջման համակարգերին:
«Երևանի պահածոների գործարան» ընկերությունում մարտի 3-ին արձանագրվել են ճիշտ նույն հրդեհատեխնիկական խախտումները, որոնք եղել էին նաև 2022-ի օգոստոսի պայթյունից առաջ: Առևտրի կենտրոնը վերաբացվել էր պայթյունից 20 օր հետո, երբ ավարտվել էին որոնողափրկարարական աշխատանքները: Հիմա ոլորտը վերահսկող կառույցը տնտեսվարողից պահանջում է տարածքում ներդնել նաև հրդեհի ազդարարման, օդափոխության, ծխահեռացման համակարգեր: Մյուս խախտումներն է թվարկում տեսչականի տեխնիկական և հրդեհային անվտանգության բաժանմունքի պետը:
Կարեն Կարապետյան - Տաղավարներում կամ առանձին տեղամասերում լուսատուներից մինչև այրվող նյութերի հեռավորություններին, կապված շենք-շինությունների տարհանման ելքեր հանդիսացող դռների բացվածքներին և նմանատիպ բովանդակության այլ խախտումների:
Կարեն Կարապետյանը տեղեկացրեց, որ առևտրի կենտրոնում վերջին ստուգման արդյունքում պայթուցիկ նյութեր, դրանց պահեստավորում չեն արձանագրվել: Տեսչականի պաշտոնյան հիշեցնում է՝ եթե կասեցման որոշում են կայացրել, ուրեմն մարդկանց կյանքին կամ նրանց անվտանգությանը սպառնացող վտանգ կա: Առևտրի կենտրոնը կբացվի այն ժամանակ, երբ տնտեսվարողը վերացնի այդ ռիսկերը:
Կարեն Կարապետյան - Վերաբացման գործընթացը կարող է լինել այն դեպքում, երբ տնտեսվարողը վերացնի նշված թերությունները, որի հիման վրա կարող է ներկայացնել համապատասխան դիմում, որի արդյունքում տեսչական մարմնի կողմից կրկնակի կիրականացվի համապատասխան հետազոտություն, և միայն թերությունների ամբողջական վերացման դեպքում կարող է գործունեությունը վերաբացվել:
Թե երբ այդպիսի դիմում տնտեսվարողը կներկայացնի տեսչական մարմին, «Երևանի պահածոների գործարանից» «Լուրերին» չհստակեցրին: Մեզ հետ հեռախոսազրույցում ընկերության ներկայացուցիչը վստահեցրեց՝ աշխատում են արձանագրված խախտումները վերացնելու ուղղությամբ: Իրենց ապրանքը տարածքից տեղափոխելու համար այս պահին առևտրի կենտրոն մուտքի հնարավորություն ունեն միայն տաղավարների վարձակալները:
Հեղինակ՝ Հովհաննես Վարդանյան