ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում խոսեց խաղաղության պայմանագրի և դրա ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին:
«Ադրբեջանին խաղաղությունը ձեռ չի տալիս: Մենք հիմա խաղաղության պայմանագիրն այնպես ենք մշակում, որ իր մեջ չպարունակի պատերազմական գործողություններ սկսելու վտանգներ: Դրա համար է այդ տեքստն օնլայն գնում-գալիս: Անընդհատ խմբագրում ենք ու տեսնում, որ Ադրբեջանը փորձում է տալ ձևակերպումներ, որոնց իրականացումը կարող է լեգիտիմացնել ուժային գործոնը: Զուգահեռ հասկանում ենք, որ պատերազմից խուսափելու լավագույն ճանապարհը համարժեք բալանսավորված ուժային կառույց՝ բանակ ունենալն է, որով հիմա զբաղված ենք: Քանի ուժային բալանսը չհավասարակշռվի, պատերազմի վտանգը միշտ կա:
Մենք ասում ենք, որ եթե խաղաղության պայմանագիրը ստորագրենք, դա երաշխիք չէ խաղաղության, որովհետև մենք գործ ունենք մեծ հնարավորությունների տիրապետող, թշնամաբար տրամադրված հարևանի հետ»,- ասաց Խաչատրյանը: