«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հիշեցրեց, որ Կառավարության վերջին նիստի ժամանակ ՀՀ վարչապետը ԱԳ նախարարությանը երկու հանձնարարական է տվել. առաջինը՝ ՄԱԿ-ի շրջանակներում ցեղասպանությունների կանխարգելման մեխանիզմի գործարկման ուղղությամբ կատարել աշխատանքներ, և երկրորդ հանձնարարականը վերաբերել է նոյեմբերի 9-ի հայտարարության 7-րդ կետով սահմանված՝ Լեռնային Ղարաբաղից և հարակից շրջաններից տեղահանված հայերի վերադարձի առնչությամբ կրկին միջազգային մեխանիզմների գործարկմանը:
Պատգամավորը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվեց, թե այդ երկու ուղղություններով ինչ աշխատանքներ են տարվել:
«ՀՀ ԱԳ նախարարությունը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից և հրադադարից գրեթե անմիջապես հետո աշխատանքներ է սկսել ՄԱԿ-ի փախստականների հարցով բարձր հանձնակատարի հետ՝ ապահովելու հայտարարության 7-րդ կետում ամրագրված՝ փախստականների վերադարձը ԼՂ և հարակից տարածքներ, այն տարածքներ, որոնք այժմ հայտնվել են ադրբեջանական վերահսկողության ներքո, և իմ ԱԳ նախարար նշանակվելուց հետո այդ աշխատանքները շարունակվել են. կա նամակագրություն, տեղի է ունեցել մի քանի հանդիպում՝ նաև իմ մասնակցությամբ, հարցը շարունակում է քննարկվել, և վարչապետի հանձնարարականից հետո էլի հանդիպում է տեղի ունեցել ոչ իմ մասնակցությամբ:
Խոչընդոտներ կան իրականում, որոնք ադրբեջանական կողմն է հարուցում. այստեղ ևս հայկական կողմը ձգտում է լինել առավելագույնս կառուցողական, գտնել լուծումներ, որ այդ 7-րդ կետում ամրագրվածն իրականացվի:
Ինչ վերաբերում է ցեղասպանությունների կանխարգելման մեխանիզմին. այս ուղղությամբ ևս մենք վաղուց աշխատում ենք, և հիմա ակտիվացրել ենք ջանքերն առավել ևս, որովհետև իրականում, ինչպես բոլորը կարող են տեսնել, մասնավորապես, ԼՂ հայ բնակչության համար իրական էթնիկ զտումների, ցեղասպանության վտանգ կա, սա նույնիսկ անթաքույց կերպով դրսևորվում է ադրբեջանական ամենաբարձր պաշտոնյաների հայտարարություններում, խոսույթում, այնպես որ, իսկապես այս ուղղությամբ միջազգային հանրությունը, մասնավորապես, ՄԱԿ-ն անելիքներ ունի»,- ասաց Միրզոյանը: