Չենք բանակցում Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ դնելու շուրջ: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ասաց Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Հայաստանը համարում է, որ Լաչինի միջանցքի և նրա ռեժիմի շուրջ բանակցությունները վաղուց ավարտվել են, և կարգավորումները տեղ են գտել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, ըստ որի՝ Լաչինի միջանցքը մնում է ռուսական խաղաղապահ ուժերի վերահսկողության տակ, և Ադրբեջանը երաշխավորում է այդ միջանցքով երկկողմ անխափան երթևեկությունը:
Սա ամրագրված պայմանավորվածություն է: Մենք այստեղ պետք է կասկած հայտնենք հետագա բանակցությունների նպատակահարմարության վերաբերյալ: Ասենք՝ ի՞նչ իմաստ ունի ձեռք բերել այլ հարցերի շուրջ պայմանավորվածություններ, եթե դրանք որոշ ժամանակ հետո անպայման խախտվելու են Ադրբեջանի կողմից, և Ադրբեջանը հետո նույն հարցի շուրջ հանդես է գալու նոր, ավելի կոշտ պահանջներով»,- ասաց նախարարը: