ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում Արարատ Միրզոյանն անդրադարձավ մարտի 7-9-ը Եգիպտոս կատարած իր այցին: Նա մասնակցել էր Արաբական երկրների լիգայի նախարարական մակարդակով նիստին:
«ՀՀ-ն անկախության հռչակումից ի վեր ավանդական ջերմ, բարեկամական հարաբերություններ է ունեցել և այսօր էլ ունի արաբական պետությունների հետ: Այս հարաբերություններն էլ, իրենց հերթին, հիմնված են պատմականորեն արաբական ժողովուրդների և հայ ժողովրդի եղբայրական հարաբերությունների վրա:
Այցը շատ լավ առիթ էր միանգամից մեկ սրահում արաբական երկրների ԱԳ նախարարների ներկայությամբ ներկայացնել մեր տեսլականը տարածաշրջանում ընթացող զարգացումների շուրջ և 1-2 կարևոր հարցի անդրադառնալ:
Գիտեք, որ վերջերս Ադրբեջանի իշխանությունները փորձ են անում հավելյալ երանգ հաղորդել այն ամենին, ինչ կատարվում է և կատարվել է մեր տարածաշրջանում, խոսքը կրոնական երանգի մասին է: Ահա այս այցի ընթացքում կարողացանք հանգամանորեն ներկայացնել, բացատրել մեր գործընկերներին: Կարող եմ վստահեցնել, որ նաև արաբ գործընկերներն ունեն նույն ընկալումը՝ այն բոլոր խնդիրները, որ կան Ադրբեջանի հետ, որևէ կերպ որևէ կրոնական երանգ չունեն»,- ասաց Միրզոյանը:
Նա շեշտեց, որ Հայաստանը մեծ հարգանք ունի բոլոր կրոնների, բոլոր մշակույթների նկատմամբ: