ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու է առաջադրվել Անահիտ Մանասյանը: Խմբակցությունը նման որոշում է կայացրել այսօր հրավիրված նիստում: Այս մասին
1lurer.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
Հիշեցնենք՝ Քրիստիննե Գրիգորյանն այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ 2023 թ. հունվարի 23-ին օրենսդրությամբ սահմանված կարգով հրաժարականի դիմում էր ներկայացրել Ազգային ժողով։
Քրիստիննե Գրիգորյանը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան էր ընտրվել 2022 թ. հունվարի 24-ին Ազգային ժողովի փակ գաղտնի քվեարկությամբ, իսկ պաշտոնը ստանձնել էր 2022-ի փետրվարի 25-ին:
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի
հրամանով՝ իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Անահիտ Մանասյանը 2022 թ. նոյեմբերի 8-ին նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:
Նա հեղինակ և համահեղինակ է 11 մենագրության, 4 ուսումնական ձեռնարկի և 7 տասնյակից ավելի գիտական հոդվածների, որոնք հրատարակվել են Հայաստանյան և միջազգային հեղինակավոր հրատարակչությունների կողմից (այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Լեհաստանում, Լիտվայում, Լատվիայում, Բոսնիա և Հերցեգովինայում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում, Բելառուսում):
Որպես փորձագետ մասնակցել է միջազգային տարբեր կառույցների (ԵԱՀԿ, Եվրոպայի խորհուրդ, ՄԱԿ և այլն) կողմից մի շարք հարցերի վերաբերյալ եզրակացությունների, հետազոտությունների, ձեռնարկների նախապատրաստման գործընթացներին, դասախոսություններով է հանդես եկել միջազգային մի քանի սեմինարների շրջանակներում և արտասահմանյան տարատեսակ գիտական և ուսումնական հաստատություններում (այդ թվում` Վրաստանում, Հունգարիայում, Ուկրաինայում):