ԲԱՔՎՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ՀԱՄԱՏԱՐԱԾ ԵՆ
Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման դեպքերը համատարած են՝ իրավապահների կողմից իրականացվող խոշտանգումներ, դաժան կամ նվաստացուցիչ վերաբերմունք քաղաքացիների նպատմամբ, երբեմն կյանքին սպառնացող բանտային պայմաններ, կամայական կալանքներ, քաղբանտարկյալներ, քաղաքական դրդապատճառներով հաշվեհարդար երկրից հեռացած անձանց նկատմամբ, ասված է ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում:
Նշվում է, որ Ադրբեջանում շատ են նաև դատական իշխանության անկախության հետ կապված խնդիրները, խոսքի ազատության իրավունքի խախտումները, ԶԼՄ-ների գործունեության սահմանափակումը, լրագրողների նկատմամբ բռնությունը և հետապնդումը, խաղաղ հավաքների իրավունքի ոտնահարումը և համակարգային կոռուպցիան:
«Ադրբեջանի կառավարությունը հիմնականում չի հետապնդում և չի պատժում այն պաշտոնյաներին, որոնք մեղադրվում են մարդու իրավունքների խախտումների և կոռուպցիայի համար»,- ընդգծվում է զեկույցում:
Փաստաթղթում անդրադարձ կա նաև հայ-ադրբեջանական սահմանին լարվածությանը, նշվում է՝ տեղեկություններ կան, որ նախորդ տարի սեպտեմբերին ադրբեջանական ուժերը իրականացրել են հայ զինծառայողների արտադատական սպանություններ, նրանց նկատմամբ ցուցաբերել են դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք.
«Հայաստանի և Ադրբեջանի զորքերի միջև սեպտեմբերյան ինտենսիվ մարտերի ընթացքում ադրբեջանցի զինծառայողների կողմից ապօրինի սպանությունների մասին հավաստի տեղեկություններ են ստացվել, փաստեր կան նաև հայ գերիների մահապատժի դեպքերի մասին: 2020 և 2022 թվականներին Ադրբեջանի զինված ուժերի կամ անհատների կատարած ենթադրյալ հանցագործությունների հետաքննության ընթացքում որևէ առաջընթաց չի արձանագրվել»:
Ադրբեջանի կառավարությունը նաև հանրային դատավարություններ է անցկացրել՝ քրեական պատասխանատվության ենթարկելով Հայաստանի քաղաքացիների և զինծառայողների: Նրանց համար չեն ապահովվել պատշաճ դատավարական ընթացակարգերը, փաստաբան ընտրելու իրավունքը:
ԿՐԵՄԼՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՌԴ ԵՎ ՉԺՀ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Կրեմլում տեղի են ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի բանակցությունները։ Սուրբ Գեորգիի սրահում նախագահներին դիմավորել է նվագախումբը, հնչել են երկու երկրի պետական օրհներգերը, ինչից հետո մեկնարկել է կողմերի նեղ կազմով հանդիպումը՝ փակ ռեժիմով:
Հանդիպումից հետո Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Սի Ծինփինի հետ բանակցությունների ընթացքում վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի և Չինաստանի գործակցությունը կզարգանա՝ ի շահ երկու ժողովուրդների:
Նա նաև գոհունակություն է հայտնել, որ երկկողմ առևտրաշրջանառությունը 2022 թվականին հասել է ռեկորդային ցուցանիշի և այս տարի կգերազանցի 200 միլիարդ դոլարը: Պուտինի խոսքով՝ ռուսական բիզնեսը կարողանում է բավարարել նաև Չինաստանի էներգետիկ պահանջարկը: Կրեմլի ղեկավարը տեղեկացրել է, որ Ռուսաստանից Մոնղոլիայով Չինաստան նոր գազատարի մասին համաձայնագրի գրեթե բոլոր պարամետրերն արդեն համաձայնեցված են:
«Ռուսաստանը և Չինաստանը կարող են նաև համաշխարհային առաջատարներ դառնալ տեղեկատվական տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտում», - ասել է Պուտինը:
Նա նաև նշել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի երկրների հետ յուանով գործարքներ կատարելու օգտին:
Սի Ծինփինն էլ ընդգծել է՝ Ռուսաստանի և Չինաստանի գործակցության շրջանակը մշտապես ընդլայնվում է, կարևոր արդյունքներ են գրանցվում։
«Չին-ռուսական հարաբերություններն ընդհանուր ջանքերով զարգանում են: Քաղաքական փոխվստահությունը խորանում է, ընդհանուր շահերը բազմապատկվում են, ժողովուրդները՝ մտերմանում, առևտրի, տնտեսության, ներդրումների, էներգետիկայի, մշակույթի ոլորտներում, հումանիտար և միջտարածաշրջանային հարթություններում գործակցությունն ամրապնդվում է»,- ասել է Չինաստանի ղեկավարը, առաջարկել Վլադիմիր Պուտինին` էլ ավելի ակտիվացնել հարաբերությունների դինամիկան։
Հանդիպման ավարտին նախագահները տնտեսական գործակցության և գործընկերության խորացման ծրագրերի մասին երկու համատեղ փաստաթուղթ են ստորագրել։
Սի Ծինփինի պաշտոնական այցը Ռուսաստան կավարտվի մարտի 22-ին: Երեկ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը տևել է մոտ 4,5 ժամ։ Սա Սի Ծինփինի առաջին միջազգային այցն է նախագահի պաշտոնում երրորդ անգամ վերընտրվելուց հետո:
ՆԱՏՕ-Ի ԵՐԿՐՆԵՐԸ ԴԱՆԴԱՂ ԵՆ ԱՎԵԼԱՑՆՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբրգը ամենամյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ դաշինքի երկրները չափազանց դանդաղ են ավելացնում ռազմական ծախսերը։ Նրա խոսքով՝ այս տարվա հուլիսին Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովում ՆԱՏՕ-ի երկրները պետք է պարտավորվեն մեծացնել ռազմական ծախսերը` հասցնելով ՀՆԱ-ի առնվազն 2%-ին։
Ստոլտենբերգը նաև հայտարարել է, որ դաշինքը համաձայնեցնում է Ուկրաինայի և դաշինքի անդամ երկրների համար զենքի հիմնական տեսակների արտադրության հետ կապված հարցերը: Նա մտահոգություն է հայտնել՝ Ուկրաինայում ռազմամթերքը շատ ավելի արագ է սպառվում, քան դաշինքի երկրները կարող են արտադրել:
Պաշտոնյան անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում Ռուսաստանին Չինաստանի հնարավոր ռազմական աջակցության մասին լուրերին: Ստոլտենբերգի խոսքով՝ ՆԱՏՕ-ն ապացույցներ չունի, որ Պեկինը մահաբեր զենք է մատակարարում Ռուսաստան, սակայն գիտի, որ այդ հարցը քննարկվում է:
«Սի Ծինփինի այցը Մոսկվա և բանակցությունները Վլադիմիր Պուտինի հետ վկայում են վերջին տարիներին երկու երկրի շարունակական մերձեցման մասին: Ուշադիր հետևում ենք դրան»,- հավելել է նա։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել բանակցել և գործակցել Վոլոդիմիր Զելենսկու հետ, եթե Պեկինը իրոք ցանկանում է խաղաղություն հաստատել։
«Ցանկացած զինադադար, որը հաշվի չի առնի Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, միայն կսառեցնի հակամարտությունը»,- ընդգծել է Ստոլտենբերգը։
ԷՐԴՈՂԱՆԸ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ԱՌԱՋԱԴՐՎԵԼ Է ՈՐՊԵՍ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ
Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Էրդողանը պաշտոնապես առաջադրվել է որպես նախագահի թեկնածու: Համապատասխան դիմումը ներկայացվել է Գերագույն ընտրական խորհուրդ։ Երկրում նախագահական ընտրությունները նախատեսված են մայիսի 14-ին:
Ռեջեփ Էրդողանի գլխավոր մրցակիցն այժմ ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն է։ Լրատվամիջոցների տվյալով՝ այս պահին բարձրագույն պետական պաշտոնի համար պայքարելու մտադրության մասին հայտնել է 18 քաղաքական գործիչ։ Առաջիկայում կհրապարակվի թեկնածուների վերջնական ցանկը։
Ընտրություններին ընդառաջ մեկնարկած նախընտրական քարոզարշավը կտևի մինչև մայիսի 13-ը: