Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը աշխատանքային այցով Գյումրիում գտնվող Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանի, ԲՏԱ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանի, նախարարության և մարզպետարանի պատասխանատուների հետ այցելել է Գյումրու տեխնոլոգիական կենտրոն։ ԳՏԿ ծրագրի ղեկավար Բելլա Հարությունյանի ուղեկցությամբ պատասխանատուները շրջել են կենտրոնում, ծանոթացել այստեղ տեղակայված ընկերություններին, նրանց մատուցած ծառայություններին ու արտադրանքին, իրականացվող ծրագրերին, աշխատանքների ուղղվածությանը։
Մինչ այդ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը ներկայացրել է «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագիրը, որի նպատակն է ֆինանսավորման միջոցով աջակցել բարձր տեխնոլոգիաների ոլորտի՝ գաղափարից մինչև հասունության փուլում գտնվող պրոդուկտների առաջխաղացմանը շուկայում:
Ծրագիրը երկու բաղադրիչ ունի՝ «Գաղափարի փուլ» և «Մուտք դեպի շուկա փուլ»: Երկու բաղադրիչի ընդհանուր դրամաշնորհային ֆոնդը կազմում է 350 մլն ՀՀ դրամ: Այժմ քայլեր են ձեռնարկվում ուսանողների շրջանում ծրագրի մանրամասները ներկայացնելու և ուսանողների ներգրավվածությունը ծրագրում ապահովելու նպատակով: Դրամաշնորհային ծրագիրը նոր հնարավորություն է ուսանողների համար, որոնք ձգտում են իրականացնել նորարար գաղափարներ։