ԲԱՔՎՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ՀԱՄԱՏԱՐԱԾ ԵՆ
Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման դեպքերը համատարած են՝ իրավապահների կողմից իրականացվող խոշտանգումներ, դաժան կամ նվաստացուցիչ վերաբերմունք քաղաքացիների նպատմամաբ, երբեմն կյանքին սպառնացող բանտային պայմաններ, կամայական կալանքներ, քաղբանտարկյալներ, քաղաքական դրդապատճառներով հաշվեհարդար երկրից հեռացած անձանց նկատմամբ՝ ասված է ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում:
Նշվում է, որ Ադրբեջանում շատ են նաև դատական իշխանության անկախության հետ կապված խնդիրները, խոսքի ազատության իրավունքի խախտումները, ԶԼՄ-ների գործունեության սահմանափակումը, լրագրողների նկատմամբ բռնությունը և հետապնդումը, խաղաղ հավաքների իրավունքի ոտնահարումը և համակարգային կոռուպցիան:
«Ադրբեջանի կառավարությունը հիմնականում չի հետապնդում և չի պատժում այն պաշտոնյաներին, որոնք մեղադրվում են մարդու իրավունքների խախտումների և կոռուպցիայի համար», - ընդգծվում է զեկույցում:
Փաստաթղթում անդրադարձ կա նաև հայ-ադրբեջանական սահմանին լարվածությանը, նշվում է՝ տեղեկություններ կան, որ նախորդ տարի սեպտեմբերին ադրբեջանական ուժերը իրականացրել են հայ զինծառայողների արտադատական սպանություններ, նրանց նկատմամբ ցուցաբերել են դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք:
Հայաստանի և Ադրբեջանի զորքերի միջև սեպտեմբերյան ինտենսիվ մարտերի ընթացքում ադրբեջանցի զինծառայողների կողմից ապօրինի սպանությունների մասին հավաստի տեղեկություններ են ստացվել, փաստեր կան նաև հայ գերիների մահապատժի դեպքերի մասին: 2020 և 2022 թվականներին Ադրբեջանի զինված ուժերի կամ անհատների կատարած ենթադրյալ հանցագործությունների հետաքննության ընթացքում որևէ առաջընթաց չի արձանագրվել:
Ադրբեջանի կառավարությունը նաև հանրային դատավարություններ է անցկացրել՝ քրեական պատասխանատվության ենթարկելով Հայաստանի քաղաքացիների և զինծառայողների: Նրանց համար չեն ապահովվել պատշաճ դատավարական ընթացակարգերը, փաստաբան ընտրելու իրավունքը:
ՂԱԶԱԽՍՏԱՆՆ ԱՐՏԱՀԱՆԵԼ Է ՆԱՎԹԸ՝ ՇՐՋԱՆՑԵԼՈՎ ՌԴ-Ն
Ղազախական Կաշաղան հանքավայրից 6,9 հազար տոննա նավթով բեռնված նավը Ակտաու նավահանգստից ուղևորվել է Բաքու: Այս երթուղին, որը թույլ է տալիս ղազախական նավթն արտահանել՝ շրջանցելով Ռուսաստանը, առաջին անգամ է գործարկվել։
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ավելի վաղ հանձնարարել էր դիվերսիֆիկացնել նավթի մատակարարան երթուղիները՝ շրջանցելով Ռուսաստանը: Նրա խոսքով՝ Տրանսկասպյան երթուղին համաշխարհային շուկաներ ղազախական նավթի մատակարարման կարևոր ուղղություն է:
ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ ԿԳՈՐԾԱԿՑԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԹԱԿՆԵՐՈՒՄ
Բրյուսելում հանդիպել են Հունաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Նիկոս Դենդիասը և Մևլութ Չավուշօղլուն: Վերջինս նաև շնորհակալություն է հայտնել երկրաշարժերից հետո Թուրքիային ցուցաբերած աջակցության համար: Նա նշել է՝ երկու երկրների հարաբերություններում ստեղծված դրական մթնոլորտն իր արտացոլումն է գտնում նաև միջազգային հարթակներում գործակցության մեջ։
Հունաստանի ԱԳ նախարարն իր հերթին շնորհակալություն հայտնել Չավուշօղլուին Տեմպի քաղաքում երկաթուղային վթարից հետո Աթենքին հայտնած համերաշխության համար:
Անդրադառնալով միջազգային հարթակներում գործակցությանը՝ Դենդիասը հույս է հայտնել, որ Թուրքիան կպաշտպանի 2025-2026 թվականներին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամի պաշտոնում Հունաստանի թեկնածության հայտը։ «Փոխարենը Հունաստանը կաջակցի Ծովագնացության միջազգային կազմակերպության քարտուղարի պաշտոնում Թուրքիայի թեկնածությանը», - ասել է հույն դիվանագետը։
Բրյուսելում Չավուշօղլուն հանդիպել է նաև Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ: Հանդիպման բովանդակության մասին մանրամասներ Բրյուսելը չի հաղորդում, ըստ թուրքական կողմի՝ քննարկվել են տարածաշրջանային և երկկողմ հետաքրքրության հարցեր։
ԿԻԵՎԸ ՍՊԱՍՈՒՄ Է ԾԻՆՓԻՆ-ԶԵԼԵՆՍԿԻ ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑԻ ՀԱՍՏԱՏՄԱՆԸ
Կիևը սպասում է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հեռախոսազրույցի հաստատմանը՝ հայտարարել է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը: «Դա կարևոր քայլ կլիներ, նրանք խոսելու շատ բան ունեն»,- նշել է պաշտոնյան:
Ավելի վաղ՝ Ուկրաինայի նախագահի աշխատակազմից հայտնել էին, որ Կիևը բանակցում է Պեկինի հետ՝ Վոլոդիմիր Զելենսկու և Սի Ծինփինի հնարավոր շփումների հարցով։ The Wall Street Journal-ն էլ գրում է, որ Սի Ծինփինը ցանկանում է առցանց բանակցություններ անցկացնել Զելենսկու հետ և միջնորդել ռուս-ուկրաինական պատերազմի կարգավորման հարցում:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նույնպես ցանկանում է խոսել Չինաստանի նախագահի հետ, սակայն հեռախոսազրույց դեռ նախատեսված չէ։ Այս մասին էլ հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբին։ Նրա խոսքով՝ Բայդենն կողմ է Վաշինգտոնի և Պեկինի միջև հաղորդակցության բաց խողովակների պահպանմանը: Մեկնաբանելով Չինաստանի առաջնորդի այցը Մոսկվա՝ Քիրբին նշել է՝ ԱՄՆ-ը շատ ուշադիր հետևում է երկու երկրի ղեկավարների բանակցություններին: