Անտառների միջազգային օրը հռչակվել է 2012 թվականի դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ։ Առաջին անգամ այդ օրը նշվել է 2013 թվականի մարտի 21-ին։ Կառավարության որոշմամբ Հայաստանում այն նշվում է նաև որպես Անտառագետի օր։
Շրջակա միջավայրի նախարարության հաղորդագրությունում նշված է, որ Անտառների միջազգային օրը ստեղծվել է որպես գլոբալ հարթակ այն մարդկանց համար, որոնք հետաքրքրված են անտառի պահպանմամբ և կլիմայի գլոբալ փոփոխության հետևանքների մեղմացմամբ։
Հայաստանի Հանրապետության անտառածածկ տարածքը, վերջին հաշվառման տվյալներով, կազմում է երկրի ընդհանուր մակերեսի 11,1%-ը։
ՀՀ կառավարությունն ունի հստակ հանձնառություն՝ պահպանելու, վերականգնելու և ընդլայնելու անտառները և անտառածածկ տարածքները։ Եվ այդ կարևոր գործում պետք է համախմբել բոլոր ջանքերը։