ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ԱԺ քննարկմանը ներկայացրեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը:
«Օրենքով նախատեսվում է անհետաձգելի միջամտության մասին որոշումների և պաշտպանական որոշումների դեպքում կիրառել նաև զոհերի պաշտպանության նպատակով էլեկտրոնային հսկողության միջոցներ, որոնք թույլ կտան շատ ավելի արդյունավետ կերպով իրականացնել ընտանեկան բռնության զոհերի պաշտպանությունը»,- ասաց Սարգսյանը:
Կառավարությունն առաջարկել է հստակ ֆիքսել, որ էլեկտրոնային հսկողություն կիրառելիս պետք է նվազագույնի հասցվի անձանց անձնական և ընտանեկան կյանքի վրա հնարավոր բացասական ազդեցությունը:
Պետք է երաշխավորվի նաև անձնական տվյալների համար պաշտպանվածության բավարար մակարդակ, որպեսզի էլեկտրոնային հսկողության համակարգի ծրագրային ապահովումը թույլ չտա որևէ տվյալի արտահոսք կամ տվյալի օգտագործում: