7 ՄԼՐԴ ԵՎՐՈ՝ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԵՎ ՍԻՐԻԱՅԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Թուրքիայի հարավ-արևելքում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժերի վնասը գերազանցել է 104 միլիարդ դոլարը՝ հայտարարել է Ռեջեփ Էրդողանը Թուրքիային և Սիրիային աջակցության դոնորների միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված ելույթում։ Էրդողանի խոսքով՝ զոհվել է ավելի քան 51 հազար մարդ, 105 հազարից ավելի քաղաքացի վիրավորվել է: Թուրքիայի նախագահը հավելել է, որ տարերային աղետի հետևանքով ընդհանուր առմամբ տուժել է 14 միլիոն մարդ:
«Այժմ բնակության համար ոչ պիտանի է 876 հազար շինություն: Թուրքական իշխանությունները մտադիր են տարվա ընթացքում երկրի հարավ-արևելքում սեյսմակայուն տներ կառուցել: Նախատեսվում է կառուցել 650 000 շենք և շինություն, այդ թվում՝ 319 000 բնակարան»,- ասել է Էրդողանը: Նա նաև հավելել է, որ մոտ 130 երկիր օգնություն է տրամադրել Թուրքիային:
Բրյուսելում կայացած միջազգային դոնորների համաժողովի արդյունքներով հայտարարվել է, որ մասնակիցներին հաջողվել է 7 միլիարդ եվրո հավաքել՝ աջակցելու Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժերից տուժածներին:
ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆԵՐԸ
Ֆրանսիայում շարունակվում են կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ բողոքի ակցիաները և գործադուլները: Փարիզում մարտի 20-ի ցույցերի ժամանակ 140-ից ավելի մարդ է ձերբակալվել՝ հայտնել են տեղական լրատվամիջոցները:
Ազգային ժողովում երեկ կառավարության նկատմամբ անվստահություն հայտնելու մասին ընդդիմության երկու բանաձևերի տապալումից հետո բողոքի ցույցերն ավելի են թեժացել, ակցիայի մասնակիցները բարիկադներ են կառուցել, այրել աղբամանները: Իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել: Ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են գրանցվել: Զանգվածային ցույցեր են տեղի ունեցել նաև երկրի այլ խոշոր քաղաքներում։
Գործադուլների ֆոնին Փարիզը բախվել է ևս մեկ լուրջ խնդրի՝ աղբահանությամբ զբաղվող մունիցիպալ ընկերությունը հրաժարվում են աշխատել։ Արդյունքում՝ շուրջ 10 օր է՝ Փարիզում աղբահանություն չի իրականացվում: Քաղաքապետարանից հայտնել են, որ մարտի 17-ին փողոցներում կուտակվել է 10 հազար տոննա աղբ։
ԿՐԵՄԼՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՌԴ ԵՎ ՉԺՀ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Երեկ Կրեմլում ՌԴ և Չինաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Սի Ծինփինի ոչ պաշտոնական հանդիպումը տևել է շուրջ 4,5 ժամ։ Երկու երկրի ղեկավարները քննարկել են ընդհանուր հետաքրքրության մի շարք հարցեր, ինչպես նաև Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը: Նրանք նշել են, որ Ռուսաստանը և Չինաստանը ռազմավարական գործընկերներ են, կշարունակեն զարգացնել երկկողմ հարաբերությունները և գործակցել՝ նպաստելու աշխարհում բազմաբևեռության հիմնարար սկզբունքների ամրապնդմանը:
Սա Սի Ծինփինի առաջին միջազգային այցն է նախագահի պաշտոնում երրորդ ժամկետով վերընտրվելուց հետո: Նա Ռուսաստանում կլինի մինչև մարտի 23-ը: Այսօր արդեն նախատեսված է նախագահների պաշտոնական հանդիպումը:
Ռուսաստան Չինաստանի նախագահի այցին արձագանքել է ամերիկյան կողմը: Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է՝ Սի Ծինփինի այս քայլը ցույց է տալիս, որ Պեկինը Ուկրաինայում ռազմական հանցագործությունների համար Ռուսաստանին մեղավոր չի համարում և դիվանագիտական հովանոց է ապահովում Վլադիմիր Պուտինի համար:
ՃԱՊՈՆԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՄԵԿՆԵԼ Է ԿԻԵՎ
Ճապոնիայի վարչապետը մեկնել է Կիև՝ հանդիպելու Վոլոդիմիր Զելենսկիի հետ: Սա պատերազմի մեկնարկից ի վեր Կիսիդայի առաջին այցն է Ուկրաինա: Ֆումիո Կիսիդան Ուկրաինա է ուղևորվել լեհ-ուկրաինական սահմանին գտնվող Պրժեմիսլ քաղաքի երկաթուղային կայարանից:
Ճապոնիայի ԱԳՆ-ի տվյալով՝ Կիևում Կիսիդան կդատապարտի Ռուսաստանի գործողությունները, համերաշխություն կհայտնի Ուկրաինային և կվերահաստատի երկրին Տոկիոյի աջակցությունը:
ԿԳԱՂՏՆԱԶԵՐԾՎԵՆ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԾԱԳՄԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇ ՏՎՅԱԼՆԵՐ
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ստորագրել է Կոնգրեսի կողմից ավելի վաղ հաստատված օրինագիծը, ըստ որի՝ Ազգային հետախուզությանը հանձնարարվում է գաղտնազերծել կորոնավիրուսի ծագման մասին որոշ տվյալներ՝ հայտնում է Սպիտակ տունը։
Փաստաթղթի ստորագրման կապակցությամբ հրապարակված գրավոր հայտարարության մեջ Բայդենն ընդգծել է, որ ԱՄՆ իշխանությունները չեն հրապարակի այնպիսի տվյալներ, որը կարող է վնասել երկրի անվտանգությանը։
«Մենք պետք է ամեն ինչ պարզենք՝ համոզվելու համար, որ կարող ենք ավելի արդյունավետ կանխել համաճարակներն ապագայում: Իմ վարչակազմը կշարունակի ուսումնասիրել կորոնավիրուսի ծագման մասով բոլոր գաղտնի տեղեկությունները՝ այդ թվում այն վարկածը, որ վիրուսը կապված է Ուհանի Վիրուսաբանության ինստիտուտի հետ»,- նշել է Բայդենը։