ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Բելառուսի փոխվարչապետ Պյոտր Պարխոմչիկի գլխավորած պատվիրակությանը։
Նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել հայ-բելառուսական առկա համագործակցությունն էլ ավելի խորացնելու անհրաժեշտությունը։
Հանդիպման ժամանակ քննարկվել են երկու երկրների միջև առկա համագործակցությանն առնչվող հարցեր: Մասնավորապես, համագործակցությունը շինարարության, ճանապարհաշինության, մեքենաշինության և արդյունաբերության այլ ոլորտներում։
Քննարկվել են նաև հայաստանյան շինարարական տարբեր ծրագրերին բելառուսական ընկերությունների մասնակցության վերաբերյալ հարցեր։
Նախարարն ընդգծել է, որ Հայաստանում շինարարական մեծածավալ աշխատանքներ են իրականացվում, և շատ հաճախ շինարարական, նախագծող ընկերությունների պակաս է զգացվում։ Հետևաբար ցանկալի կլինի այս գործընթացում տեսնել նաև բելառուսական ընկերությունների։
Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։