Լարված, բայց կարևոր հանդիպում. քաղաքագետներն այսպես են գնահատում երեկ Մոսկվայում տեղի ունեցած Լավրով-Միրզոյան քննարկումը: Օրակարգը լայն էր, բայց հաշվի առնելով հարցերի բարդությունը՝ Հակոբ Բադալյանն արագ արդյունքներ չի ակնկալում: Քաղաքական մեկնաբանը նկատում է՝ Արցախի՝ արդեն 100 օր ձգտվող շրջափակումը լուծելու համար ռուսական կողմը քայլեր է ակնկալում թե՛ Բաքվից, թե՛ Երևանից: Հրապարակային այս հայտարարությունը Լավրովը երեկ հնչեցրեց՝ առանց հստակեցնելու, սակայն, թե ինչ պարտավորություն ունի այդ հարցում հայկական կողմը:
Հակոբ Բադալյան (քաղաքական մեկնաբան) - Երևանի դիրքորոշումը մենք գիտենք, Երևանը հստակ արձանագրում է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանն ունի պարտավորություն, և էստեղ քննարկելու բան չկա: Բայց նաև պետք է հասկանալ, որ, այդուհադերձ, մեր ուժերից վեր է միայնակ լուծել այդ խնդիրը, և խնդրի լուծումը պետք է գտնել այդ արտաքին խաղացողների հետ արդյունավետ համագործակցության դաշտում:
Փորձագետ Տիգրան Գրիգորյանի կարծիքով՝ երկու կողմից էլ գործողություններ ակնկալելով՝ Մոսկվան լեգիտիմացնում է Բաքվի այն պնդումը, թե Լաչինի միջացքում պետք է թափանցիկություն ապահովվի: Թեև որպես հումանիտար ճգնաժամի հանգուցալուծման հիմք՝ Լավրովը երեկ հղում արեց նաև նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթին, Գրիգորյանի բնորոշմամբ, Ռուսաստանն այլ բանաձև ունի:
Տիգրան Գրիգորյան (Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ) - Ռուսական կողմը այս սկզբունքը ապահովելու հարցում առաջարկում է իր լուծումը: Այդ լուծումը ռուս խաղաղապահների անցակետերում սքաներների տեղադրումն է, և, մեծ հաշվով, Մոսկվան՝ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված ճգնաժամի հանգուցալուծումը տեսնում է հենց այդ սքաներների տեղադրման միջոցով: Սակայն պետք է նշել, որ Ադրբեջանը պատրաստ չէ ընդունել նույնիսկ այս փոխզիջումային տարբերակը և շարունակում է պնդել, որ միջանցքում պետք է տեղադրվեն ադրբեջանական անցակետեր, ինչը կզրկի միջանցքը միջանցքի կարգավիճակից:
Գրիգորյանը, սակայն, չի կարծում, որ Կրեմլը կհամաձայնի Լեռնային Ղարաբաղ միջազգային դիտորդական ու փաստահավաք առաքելության մուտքին: Երեկ հանդիպմանը հաջորդած ասուլիսում Միրզոյանը հույս էր հայտնել, որ այս հարցում կհաջողվի գործակցել Մոսկվայի հետ:
Ի տարբերություն Տիգրան Գրիգորյանի՝ Հակոբ Բադալյանը կարծում է՝ ռուսական կողմը ԼՂ-ում միջազգային փաստահավաք առաքելության հարցում կգնա փոխզիջման, եթե Արևմուտքը ճանաչի Մոսկվայի առանձնահատուկ դերը: Վերլուծաբաններն ուշագրավ են համարում նաև, որ երեկ առաջին անգամ Ռուսաստանը դիրքորոշում հայտնեց Ստեփանակերտ-Բաքու ուղիղ երկխոսության գաղափարի մասին: Լավրովն ասաց՝ աջակցում են Հայաստանի վարչապետի հայտարարությանը, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգության երաշխավորման, նրանց իրավունքների ապահովման հարցերը պետք է լուծվեն Ղարաբաղի ներկայացուցիչների և Բաքվի միջև:
Տիգրան Գրիգորյան - Այստեղ պետք է արձանագրել, որ Ռուսաստանը փաստացիորեն փոխել է իր դիրքորոշումը ԼՂ ապագայի կամ հակամարտության շուրջ: Նախկինում, երբ դիրքրոշումն այն էր, որ կարգավիճակը պետք է սառեցվի կամ հետաձգվի և այլն, այդ դիրքորոշումն ընդունելի չէր Բաքվի համար, և Ռուսաստանը, մեծ հաշվով, դուրս էր մնացել Ղարաբաղի շուրջ ընթացող քննարկումներից, և այդ միջնորդական դերը ստանձնել էր Արևմուտքը: Հիմա, փոխելով իր մոտեցումը, Ռուսաստանը հավակնում է նաև այս օրակարգում միջնորդական դեր ստանձնելուն:
Այս համատեքստում Լավրովը երեկ կոնկրետ օրինակ էլ բերեց, հիշեցրեց Մինսկի համաձայնությունները՝ Արևելյան Ուկրաինայի բնակիչների վերաբերյալ, նաև Կոսովոյի նախադեպը՝ հիշատակելով փոքրամասնության՝ սերբերին տրած իրավունքները: Այդ իրավունքներն, ըստ նրա, ներառում են մայրենի լեզվի, կրթության իրավունքը, ապրելն ու աշխատելն այդ լեզվով, մշակույթը, կրոնը պահպանելը, տեղական ինքնակառավարման մարմիններ ունենալը, հատուկ տնտեսական ու առևտրային կապերն իրենց հայրենակիցների հետ: Ասաց՝ ղարաբաղցիների համար անհրաժեշտ է մոտավորապես այդպիսի փաթեթ: Բադալյանը կարծում է՝ հարցի՝ ռուսական բովանդակությունը նկարագրելով՝ Լավրովը մարտահրավեր նետեց այդ մեխանիզմի օգտին խոսող, բայց դետալները չմանրամասնող Արևմուտքին:
Հակոբ Բադալյան - Մենք գիտենք, որ այդ մեխանիզմի օգտնին խոսում են նաև Բրյուսելն ու Վաշինգտոնը, բայց մենք չգիտենք՝ ինչպես են պատկերացնում դա: Բայց մենք նաև գիտենք, թե ինչ է պատկերացնում ադրբեջանը՝ ռեինտեգրացիա: Եվ այն բովանդակությունը, որ ներկայացրեց Լավրովը, մեղմ ասած, ո՛չ Հայաստանի համար կարող է լինել ընդունելի, բայց ոչ էլ Բաքվի համար, որովեհտև այն չէ, ինչ մենք ենք ուզում, բայց նաև այն չէ, ինչ Բաքուն է ենթադրում ռեինտեգրացիա ասելով: Կարծում եմ՝ սա նույնիսկ կարող է օգտակար լինել, քանի որ երբ որ կա որևէ միջորդություն, պետք է պատասխանատվություն լինի որևէ բովանդակության վերաբերյալ:
Ռուսական պատկերացումների հանրայնացումը խնդրի լուծման հեռանկար չէ՝ ասում է Բադալյանը, հիշեցնում մեկ այլ՝ տարածաշրջանում կայունության ապահովման կարևոր հարցը: Փորձագետի խոսքով՝ այս հարցում Ռուսաստանը, օբյեկտիվ իրողությունից ելնելով, Հայաստանի առանցքային գործընկերն է:
Հակոբ Բադալյան - էստեղ շատ կարևոր է, որ Հայաստանն ու Ռուսաստանը արդյունավետ քննարկումների միջոցով կարողանան էդ փոխվստահության միջավայրը ձևավորել, չլինի տպավորություն կամ համոզում, որ Հայաստանը վեկտոր փոխելու խնդիրներ է փորձում լուծել, կամ արևմտյան ռազմավարության շրջանակում փորձում է դիրքավորվել Ռուսաստանի դեմ՝ Ռուսաստանին դուրս մեղմելու հարցում և այլն: Սա իսկապես շատ նուրբ իրավիճակ է, շատ բարակող լարի վրայով ենք քայլում: Սա մեզանից էլ, մեծ հաշվով, կախված չէ, բայց էստեղ է մեր անելիքը:
Նա նկատում է՝ թեև հանդիպմանը նախորդել էր քաղաքական որոշակի լարվածություն կողմերի միջև, քննարկումը միտված էր առկա խնդիրներն աշխատանքային դաշտ տեղափոխելուն: Քաղաքագետի կարծիքով՝ գործ ունենք օբյեկտիվ իրավիճակից բխող լարվածության հետ, ու կարևոր է քայլ առ քայլ փոխվստահության մթնոլորտի ձևավորումը: