Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայ բնակչության ներկայացուցիչները Ադրբեջանի նախագահից պահանջել են ապահովել իրենց անվտանգ վերադարձը պատմական հայրենիք: Արցախում գործող մոտ մեկ տասնյակ հասարակական կազմակերպությունների հայտարարությունը բարձրաձայնում է, որ 44-օրյա պատերազմի և Ադրբեջանի կողմից իրականացված բռնի տեղահանությունների հետևանքով Հադրութի, Շուշիի, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանների տասնյակ հազարավոր քաղաքացիներ զրկված են իրենց հայրենիքում ապրելու իրավունքից:
Սարո Սարյան («ԼՂՀ փախստականների միավորում» ՀԿ նախագահ) - Ալիևը հայտարարություն արեց, սպառնում է մեզ, մենք ուզում ենք` էդ սպառնալիքները դադարեն, և, իրոք, խաղաղություն գա: Նորից մենք կարողանանք նորմալ ապրել: Նաև մենք փոքրիկ հույս ունենք ՄԱԿ-ի հանդեպ, բայց էդ հույսը կամաց-կամաց կորչում է:
Հայտարարության հեղինակները հիշեցնում են, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդները պարտավորվել են ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո ապահովել ներքին տեղահանված անձանց և փախստականների վերադարձը Ադրբեջանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղի շրջաններ, ինչը մինչև օրս տեղի չի ունեցել: Արցախցիները Գերագույն հանձնակատարի ուշադրությունն են հրավիրել փաստին, որ Ադրբեջանի իշխանությունները Արցախի օկուպացված տարածքներում իրականացնում են ապօրինի վերաբնակեցման ծրագրեր, փաստացի խոչընդոտում արցախցիների վերադարձը:
Սարո Սարյան - Փորձելու ենք ամեն ուղղությամբ ուղարկենք էդ նամակը: Որ հարցեր են տալիս՝ դուք կուզե՞ք, կհամաձայնվե՞ք: Ես հաշիվ եմ անում, էլի, առաջնային հարցերից մեկն է դա` ոնց պետք է մնանք, եթե առաջին` իրենք չեն ուզում` մնանք, երկրորդ՝ հնարավոր չէ: Մենք արդեն մեր ընտրությունն արել ենք:
Հայտարարության հեղինակները Իլհամ Ալիևից պահանջում են ճանաչել հայ փախստականների խախտված իրավունքների վերականգնման անհետաձգելի հրամայականը, ապահովել նրանց անվտանգ և արժանապատիվ վերադարձն իրենց պատմական հողեր և նախկին բնակավայրեր՝ համաձայն ստանձնած պարտավորությունների, մարդու և մարդասիրական իրավունքի:
Մհեր Հարությունյան («Կաճառ գիտական կենտրոն» ՀԿ նախագահ) - Լռելն էլ մի բան չէ, պետք է մեր խնդիրների մասին, մեզ հուզող հարցերի մասին բարձրաձայնենք և այդ մասին իրազեկել նաև հանրությանը, միջազգային հարթակներին, ատյաններին:
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարից արցախցիները պահանջում են կազմակերպել ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող տարածքներից տեղահանված հայ բնակչության անվտանգ վերադարձը, ներդնել միջազգային արդյունավետ և կիրառելի երաշխիքներ, այդ թվում աջակցելով խաղաղապահ ուժերի տեղակայմանը:
Մհեր Հարությունյան - Փախստական բնակչությունն իրավունք ունի վերադառնալու և իր հայրենի տարածքներում բնակություն հաստատելու: Միջազգային հանրությունից այդ առումով ակնկալում ենք միջազգային երաշխիքների ապահովում, որպեսզի մարդիկ կարողանան իրենց ցանկությունն ու իրավունքը կյանքի կոչել:
Հայտարարության հեղինակները Հայաստանի իշխանություններին էլ խնդրում են ստեղծել լրացուցիչ մեխանիզմներ փախստականների իրավունքների և շահերի առավել արդյունավետ պաշտպանության, նրանց իրավական պահանջների բարձրաձայնման և առաջմղման համար: