Մարտի 21-ը աշխարհում նշվում է որպես Դաունի համախտանիշի միջազգային օր:
Կարևորելով հաշմանդամություն, այդ թվում՝ Դաունի համախտանիշ ունեցող անձանց սոցիալական ներառման ապահովումն ու գնահատված կարիքին համարժեք ծառայությունների մատուցումը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է այս ուղղությամբ օրենսդրական և ոլորտային բարեփոխումներ իրականացնել։
2023 թվականին ևս Դաունի համախտանիշ ունեցող անձանց, նախարարության համակարգմամբ, շարունակվում են տրամադրվել անհրաժեշտ ծառայություններ` նրանց ֆիզիկական, մտավոր կարողությունների ու կյանքի հիմնական հմտությունների զարգացման նպատակով։
Շարունակական աշխատանքներ են տարվում նաև վերջիններիս համայնքում և ընտանիքում ապրելու իրավունքի իրացման, ինչպես նաև շուրջօրյա խնամքի հաստատություններ նրանց մուտքը կանխարգելելու ուղղությամբ։
Մշակվում է նաև հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2023-2027թթ․ համալիր ծրագիրը, որի հիմնական ուղղությունները նպատակ ունեն բացառել հաշմանդամության հիմքով խտրականության դրսևորումը, ապահովել միջավայրի, տեղեկատվության և հաղորդակցության, ինչպես նաև որակյալ ներառական կրթության իրավունքի ու այլ հիմնարար իրավունքների իրացման մատչելիությունը։
Դաունի համախտանիշ ունեցող անձանց սոցիալական ներառման ապահովումն ու նրանց ներուժի լիարժեք օգտագործումը հնարավո՛ր է, և այդ ուղղությամբ նախարարության ջանքերն ամենօրյա են ու հետևողական։