Կառավարությունը գործունեության որոշակի տեսակներով զբաղվելու պարագայում առաջարկում է կրճատել ու պարզեցնել վարչարարությունը, ծանուցման ենթակա գործունեության մի շարք տեսակներով զբաղվող տնտեսվարողներին աջակցել, նպաստել այդ ոլորտների զարգացմանը: Այդ նպատակով առաջարկվում են փոփոխություններ ու լրացումներ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ու «Պետական տուրքի մասին» օրենքներում:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ ծանուցման ենթակա թորած ալկոհոլային խմիչքների արտադրության գործունեության տեսակները տարանջատելու, հստակեցնելու և ալկոհոլային խմիչքների առանձին տեսակների արտադրությունը խթանելու նպատակով դրանց արտադրության գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար սահմանվել են տարեկան պետական տուրքերի առավել մատչելի դրույքաչափեր:
Էկոնոմիկայի նախարարության կողմից այժմ հաշվառվում են ծանուցման ենթակա 19 գործունեության տեսակներ: Նախագծերով առաջարկվում է դրանցից հանել 6-ը՝ ազատականացնելով ոլորտը, փոփոխել այլ 6-ը, պահպանել 5-ը, եւս մեկն ավելացնել:
Մասնավորապես, ծանուցում ներկայացնելու պահանջն առաջարկվում է հանել օրենքի գյուղատնտեսության բնագավառին վերաբերող բաժնի հետևյալ գործունեության տեսակների համար` անասնաբուժության բնագավառում օգտագործվող կերապատրաստուկների արտադրություն, անասնաբուժասանիտարական փորձաքննություն, բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների արտադրություն և վաճառք: Թույլ ալկոհոլային խմիչքների, գարեջրի, 100 000 լիտրից ավելի շշալցված կոնյակի իրացման և ներմուծման գործունեությամբ զբաղվելու համար եւս առաջարկվում է հանել ծանուցման պահանջը: Առանձնացվել են թորած ալկոհոլային խմիչքներից և խմորման նյութերից, էթիլային սպիրտի գործունեությունից վիսկիների, ռոմի, ջինի, սպիրտային այլ թուրմերի և մինչև 22 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների արտադրության գործունեության տեսակները, դրանք սահմանվել են որպես ծանուցման ենթակա գործունեության առանձին տեսակներ:
Միավորվել են վիսկիների, ռոմի, ջինի, սպիրտային և այլ թուրմերի ու մինչև 22 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների արտադրության գործունեության տեսակները, դրանցով զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար սահմանվել է 3 մլն դրամ տարեկան պետական տուրք, որն անհամեմատ քիչ է նախկին սահմանաչափից:
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ողջունել է այն հանգամանքը, որ բիզնեսի համար գործունեությունը պարզեցվում է, սակայն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Դավիթ Առուշանյանից հետաքրքրվել է սպառման ոլորտում իրականացվող վերահսկողությամբ, օրինակ՝ անչափահասներին խմիչք կամ ծխախոտ վաճառելու դեպքում ինչպիսի՞ վերահսկողական գործիքակազմ է կիրառվում:
Պատգամավորը կարծիք է հայտնել, որ այս մասով էական անելիք ունեն տեսչական մարմինները, քանի որ հաճախ խանութներում կամ ժամանցի կենտրոններում, չնայած օրենքով նախատեսվող սահմանափակումներին, անչափահասները կարողանում են ձեռք բերել ծխախոտ և ալկոհոլային խմիչքներ: ԱԺ փոխնախագահն այս համատեքստում բարձրացրել է նաև հանրապետությունում ալկոհոլային խմիչքներ գովազդող վահանակների խնդիրը՝ նշելով, որ այս մասով եւս խստացումներ պետք է լինեն: