Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի «Նոր Զանգեր» կոչվող տարածքին հարակից անտառում հայտնաբերվել է նորածնի մարմին:
Մարտի 20-ին տեղանքում աշխատանքներ իրականացնելիս դին նկատել է Գորիսի բնակիչն ու ահազանգել ոստիկանություն: Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչությունում հարուցվել է քրեական վարույթ: Նորածնի ինքնությունը պարզելու համար նշանակված է դատաբժշկական փորձաքննություն:
Սարգիս Մարգարյան (ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության պետ) - Քրեական վարույթով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու մասին հանձնարարություն է տրված ոստիկանությանը՝ ծննդկանին հայտնաբերելու, դեպքի հանգամանքների համար: Հարցումներ են արվել համապատասխան բժշկական կենտրոններ՝ կրկին ծննդկանի ինքնությունը պարզելու հետ կապված:
Նախաձեռնվել է վարույթ Քրեական օրենսգրքի 155 հոդվածի 2-րդ մասի 3-րդ ու 5-րդ կետերով՝ սպանություն, այսինքն՝ սպանության երկրորդ մաս՝ անօգնական վիճակն օգտագործել և սպանություն անչափահասի նկատմամբ:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան