100 կետ՝ Արցախի 100-օրյա շրջափակման հետևանքով մարդու իրավունքների խախտումների մասին: Արցախի մարդու իրավունքների պաշտպանն արտահերթ զեկույց է հրապարակել, ներկայացրել տվյալներ խորացող հումանիտար ճգնաժամի և Արցախի ժողովրդի դեմ իրականացվող ադրբեջանական ցեղասպան քաղաքականության վերաբերյալ:
Ամբողջական շրջափակմանը զուգահեռ Ադրբեջանը միտումնավոր խաթարում է Արցախի կենսական նշանակության ենթակառուցվածքների՝ գազամատակարարման, էլեկտրամատակարարման և կապի ու հաղորդակցության բնականոն աշխատանքը՝ նպատակ ունենալով ավելի սրել առանց այն էլ ծանր մարդասիրական ճգնաժամը և տառապանքներ պատճառել Արցախի ժողովրդին։ Ադրբեջանի կողմից շարունակվող շրջափակումը, կենսական ենթակառուցվածքների խափանումները, պարբերաբար զինված հարձակումներն ու ուժի կիրառման սպառնալիքները նպատակ են հետապնդում ֆիզիկական և հոգեբանական ահաբեկմամբ, կյանքի համար անտանելի պայմանների ստեղծմամբ, էթնիկ զտման ենթարկելու Արցախը և ոչնչացնելու Արցախի բնիկ հայկական բնակչությանը։
Զեկույցում նշվում է, որ Լաչինի միջանցքով մարդկանց երկկողմանի տեղաշարժը նվազել է մոտ 178 անգամ. 245 000-ի փոխարեն՝ եղել է 1 376 մուտք և ելք: Ճանապարհով գրեթե 43 անգամ ավելի քիչ մեքենայի շարժ է արձանագրվել, քան պետք է լիներ առանց շրջափակման. 92 000-ի փոխարեն՝ 2 154 մեքենայի մուտք և ելք, այն էլ՝ միայն Կարմիր խաչի և խաղաղապահների կողմից: Մոտ 11 անգամ ավելի քիչ կենսական նշանակության բեռ է ներկրվել. 40 000 տոննայի փոխարեն՝ մոտ 3,5 տ: Շրջափակման հետևանքով տուն չի կարողացել վերադառնալ մոտ 3 900 հոգի, ներառյալ՝ 570 երեխա: Մոտ 900 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից:
Արցախի մարդու իրավունքների պաշտպան - Ադրբեջանը 34 օր շարունակ լրիվ կամ մասնակի ընդհատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը: Արդեն 71 օր ամբողջությամբ խաթարված է Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարումը: Նախնական հաշվարկով՝ աշխատանքը կորցրել է մոտ 9800 մարդ: Գազամատակարարման ու էլեկտրամատակարարման խափանումները հանգեցրել են չնախատեսված անտառահատումների, հատվել է մոտ 6200 ծառ: Տնտեսությանը հասցվել է մոտ 190 մլն դոլարի վնաս: Դադարել են 32,6 կմ ճանապարհի, տասնյակ կմ ջրագծերի, հազարավոր հեկտար հողատարածքների ոռոգման համակարգերի, 3717 բնակարանի, ավելի քան 40 սոցիալական և արտադրական ենթակառուցվածքների շինաշխատանքները:
Զեկույցում նշվում է, որ իրավունքների խախտումներն ավելի սուր են արտահայտվում խոցելի խմբերի ներկայացուցիչների շրջանում, մասնավորապես՝ 30 000 երեխա, հաշմանդամություն ունեցող 9 000 անձ, 20 000 տարեց և 15 000 տեղահանված անձ: Ադրբեջանն իր գործողություններով ոչ միայն չի կատարում 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, այլև արդեն 27 օր, չի իրագործում Լաչինի միջանցքով մարդկանց, մեքենաների ու բեռների անխափան ելքի և մուտքի ապահովման վերաբերյալ՝ Հաագայի դատարանի պարտադիր կատարման ենթակա որոշումը՝ ոտնահարելով միջազգային բարձրագույն արժեքներն ու սկզբունքները՝ ընդգծում է Արցախի ՄԻՊ-ը:
Ավելին, դրանից հետո ադրբեջանական կողմը դիմել է ագրեսիվ գործողությունների՝ հանգեցնելով մարդկային կորուստների: Միջազգային հանրությունը ոչ միայն իրավունք, այլև անառարկելի պարտավորություն ունի օր առաջ գործնական միջոցներով կատարելու միջազգային բարձրագույն դատարանի որոշումը և կանխելու ադրբեջանական հետագա հանցագործությունները, այդ թվում՝ պլանավորվող նոր ու դաժանագույն գործողությունները: Արցախի ժողովրդի դեմ տեղի ունեցող ադրբեջանական բոլոր իրավախախտումները կատարվում են ռասայական խտրականության՝ հայատյացության պետական քաղաքականության շրջանակում և խորքային առումով ուղղված են ինքնորոշման իրավունքի և դրա իրացման փաստի դեմ՝ նպատակ ունենալով էթնիկ զտման միջոցով իր օգտին վերջնականապես փակել հակամարտության էջը՝ «չկա ժողովուրդ, չկա իրավունք» տրամաբանությամբ:
Արցախի մարդու իրավունքների պաշտպանն արտահերթ զեկույցում ընդգծում է՝ Բաքվի քաղաքականությունը փաստում է, որ Ադրբեջանի կազմում Արցախի ցանկացած կարգավիճակ հավասարազոր է էթնիկ զտման և Արցախի հայության ցեղասպանության։
Արցախյան հակամարտության համատեքստում ինքնորոշման իրավունքը հավասար է իրենց հայրենիքում մարդկանց ապրելու իրավունքին։ Արցախի ժողովրդի ինքնորոշման հիմնարար իրավունքը և նրա ֆիզիկական գոյության դեմ ադրբեջանական ռասայական խտրականության հիմքով կատարված ոտնձգություններն ու սպառնալիքները առավել քան բավարար հիմքեր են միջազգային հանրության կողմից Արցախի ժողովրդի պաշտպանության և Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման համար՝ «ճանաչում հանուն փրկության» սկզբունքի հիման վրա:
Արցախի մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ եռալեզու զեկույցն անդրադառնում է կոնկրետ դեպքերի, կոնկրետ անձանց պատմություններով ցույց տալիս Արցախում հումանիտար ճգնաժամի հետևանքները: