ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է ավելի վաղ Կոնգրեսի հաստատած օրինագիծը, ըստ որի՝ Ազգային հետախուզությանը հանձնարարվում է գաղտնազերծել կորոնավիրուսի ծագման մասին որոշ տվյալներ՝ հայտնել են Սպիտակ տնից։
Փաստաթղթի ստորագրման կապակցությամբ հրապարակված գրավոր հայտարարության մեջ Բայդենն ընդգծել է, որ ԱՄՆ իշխանությունները չեն հրապարակի այնպիսի տվյալներ, որոնք կարող են վնասել երկրի անվտանգությանը։
«Մենք պետք է ամեն ինչ պարզենք՝ համոզվելու համար, որ ապագայում կարող ենք ավելի արդյունավետ կանխել համաճարակները: Իմ վարչակազմը կշարունակի ուսումնասիրել կորոնավիրուսի ծագման վերաբերյալ բոլոր գաղտնի տեղեկությունները՝ այդ թվում այն վարկածը, որ վիրուսը կապված է Ուհանի վիրուսաբանության ինստիտուտի հետ»,- նշել է Բայդենը։