Ապօրինի գույքի բռնագանձման գործերով առաջին անգամ հաշտության 2 համաձայնություն է կնքվել, որոնցից մեկը դատարանը հաստատել է, մյուսը դեռ վարույթում է:
Սրբուհի Գալյան (ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ) - Հաշտության համաձայնությունը մեր և կողմի միջև կնքվել է գրեթե մեկ ամիս առաջ և ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան հաստատման նպատակով: Արդեն Հակակոռուպցիոն դատարանի կողմից հաստատված առաջին հաշտության դեպքը ունենք, ինչը շատ ուրախալի է մեզ համար, քանի որ սրանով ազդարարվում է, մեր կարծիքով, հաշտությունների գործընթացի մեկնարկը:
Դատախազի տեղակալը մանրամասնում է՝ երկու հաշտության համաձայնությունները կնքվել են ուսումնասիրության շրջանակում, և հայցադիմումներ դատարան չեն ներկայացվել, սակայն քանի որ գույքի վերջնական բռնագանձումը հնարավոր է իրականացնել միայն դատական ակտի հիման վրա, կնքված հաշտության համաձայնություններն ուղարկվել են դատարան՝ հաստատման նպատակով: Հաշվի առնելով հաշտության համաձայնության փաստը, դատախազությունը ապօրինի գույք ունեցողների անունները չի ցանկանում հրապարակել, բայց տեղեկացնում է՝ հաշտությունը կնքվել է ապօրինի ծագում ունեցող գույքի 85 տոկոսի չափով:
Սրբուհի Գալյան - Ուսումնասիրության շրջանակներում հայտնաբերվել էին 4 անշարժ, մեկ շարժական գույք և 12 միլիոն դրամ դրամական միջոցներ: Պետք է նշեմ, որ այս գույքերը մասամբ էին ապօրինի ճանաչվել ուսումնասիրության շրջանակներում, և վերջնական արդյունքում հաշտության համաձայնագիրը կնքվել է 82 միլիոն դրամ արժողությամբ հողատարածքի շուրջ, այսինքն՝ 82 միլիոն դրամ արժողությամբ հողատարածքը, որը կազմում է հայտնաբերված ապօրինի ծագում ունեցող գույքի 85 տոկոսը, վերադարձվելու է Հայաստանի Հանրապետությանը:
Հաշտության երկրորդ դեպքը, որը հաստատման է ուղարկված, դրամական միջոցների վերադարձ է ենթադրում:
Սրբուհի Գալյան - Այս ուսումնասիրության շրջանակներում հայտնաբերվել էր մեկ անշարժ գույք, որի 42 տոկոսը համարվել էր ապօրինի ծագում ունեցող, և հայտնաբերվել էին դրամական միջոցներ շուրջ 40 միլիոն դրամի չափով: Իսկ հաշտության համաձայնագիրը կնքվել է հայտնաբերվածի 76 տոկոսի չափով, և կողմը պարտավորվել է պետությանը վերադարձնել 50 միլիոն դրամ:
Այսպիսով, եթե դատարանը հաստատի նաև հաշտության երկրորդ համաձայնությունը, պետությանը կվերադարձվի ընդհանուր 132 մլն դրամ: Դատախազի տեղակալը նշում է՝ մոտ ապագայում ևս հաշտության համաձայնություններ են սպասվում:
Սրբուհի Գալյան - Այս պահին որոշակի ուսումնասիրություններով գտնվում ենք ակտիվ բանակցությունների փուլում և փորձում ենք հաշտության եզրեր գտնել իհարկե կողմի հետ դատարանում ունենք բազմաթիվ հայցադիմումներ, պետք է նշեմ, որ դատարանում հայցադիմումի քննարկումը չի բացառում հաշտության կնքումը, և հաշտություն հնարավոր է վարույթի ցանկացած փուլում:
Այս պահին Հակակոռուպցիոն դատարանի վարույթում է 37 հայցադիմում, որոնց ընդհանուր հայցագինը գերազանցում է 150 միլիարդ դրամը:
Սրբուհի Գալյան - Պահանջվում է բռնագանձել 330 անշարժ, 75 շարժական, 80 իրավաբանական անձանցում մասնակցություն: Պետք է նշեմ, որ իրավաբանական անձանցում մասնակցության արժեքը դեռևս գնահատված չէ, ինչը նշանակում է, որ իմ կողմից նշված հայցագինը շուրջ 150 միլիարդ դրամի չափով ունի աճի միտում:
Գլխավոր դատախազության Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության պետ Սիրո Ամիրխանյան էլ նշում է՝ վարչությունը նախաձեռնել է 379 ուսումնասիրություն, որից 274-ն ընթացքի մեջ է, մյուսներն ավարտվել են:
Սիրո Ամիրխանյան (Գլխավոր դատախազության Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության պետ) - 2020 թվականի սեպետմբերի 3-ից մինչ օրս Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ինչպես նաև Հակակոռուպցիոն դատարան դիմումներ են ներկայացվել հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու վերաբերյալ, և էդ դիմումներն ամբողջությամբ կամ մասնակի բավարարվել են, և համապատասխան անձանց գույքի վրա կիրառվել է արգելանք: Այդ դիմումների թիվը 72 է:
Հայցադիմումների մեծ մասը դեռևս նախնական քննության փուլում է:
Սիրո Ամիրխանյան - Ընդամենը 2 հայցով է, որ ապացուցման պարտականություն բաշխելու վերաբերյալ որոշում է կայացվել, որոնցից մեկի ժամկետն է սպառվել, ինչը նշանակում է՝ էդ 2 գործով արդեն իսկ հասել ենք նրան, որ պետք է ապացույցները ներկայացվեն, և սկսվի ապացույցների հետազոտման փուլը, որպիսի պարագայում մոտալուտ է դառնում դատական ակտի կայացում:
Ապօրինի գույքի բռնագանձման գործերով իրենց ունեցվածքի օրինականությունը դատարանում պետք է ապացուցեն երկու տասնյակից ավելի բարձրաստիճան նախկին պաշտոնյաներ, որոնց թվում են Սերժ Սարգսյանը, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան