ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի փոխնախագահ Թաբեա Ռյոսների ղեկավարած պատվիրակությունն այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
«Խորապես ցնցված և հուզված եմ այն տառապանքից, որ կրել է հայ ժողովուրդը: Կարծում եմ, որ մենք, Եվրոպայում ականատես լինելով բազմաթիվ ցեղասպանությունների, պետք է մշտապես հասարակության ներսում զարգացնենք հիշողության մշակույթը և միշտ խոսենք այդ մասին: Դրա վառ վկայություններից մեկը Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևն է, որի շնորհիվ մենք քայլ արեցինք` խթանելու ճանաչման գործընթացն ամբողջ աշխարհում»,- ասել է Թաբեա Ռյոսներն այցի ժամանակ:
Պատվիրակության անդամները ծաղկեպսակ են դրել և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:
Հյուրերը եղել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին:
Թաբեա Ռյոսները գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում: