Ադրբեջանում համատարած են մարդու իրավունքների խախտման դեպքերը. իրավապահների կողմից իրականացվող խոշտանգումներ, դաժան կամ նվաստացուցիչ վերաբերմունք քաղաքացիների նկատմամբ, երբեմն կյանքին սպառնացող բանտային պայմաններ, կամայական կալանքներ, քաղբանտարկյալներ, քաղաքական դրդապատճառներով հաշվեհարդար երկրից հեռացած անձանց նկատմամբ՝ ասված է ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում:
Նշվում է, որ Ադրբեջանում շատ են նաև դատական իշխանության անկախության հետ կապված խնդիրները, խոսքի ազատության իրավունքի խախտումները, ԶԼՄ-ների գործունեության սահմանափակումը, լրագրողների նկատմամբ բռնությունը և հետապնդումը, խաղաղ հավաքների իրավունքի ոտնահարումը և համակարգային կոռուպցիան:
«Ադրբեջանի կառավարությունը հիմնականում չի հետապնդում և չի պատժում այն պաշտոնյաներին, որոնք մեղադրվում են մարդու իրավունքների խախտումների և կոռուպցիայի համար»,- ընդգծվում է զեկույցում:
Փաստաթղթում անդրադարձ կա նաև հայ-ադրբեջանական սահմանին լարվածությանը, նշվում է՝ տեղեկություններ կան, որ նախորդ տարի սեպտեմբերին ադրբեջանական ուժերը իրականացրել են հայ զինծառայողների արտադատական սպանություններ, նրանց նկատմամբ ցուցաբերել են դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք:
«Հայաստանի և Ադրբեջանի զորքերի միջև սեպտեմբերյան ինտենսիվ մարտերի ընթացքում ադրբեջանցի զինծառայողների կողմից ապօրինի սպանությունների մասին հավաստի տեղեկություններ են ստացվել, փաստեր կան նաև հայ գերիների մահապատիժների մասին: 2020 և 2022 թվականներին Ադրբեջանի զինված ուժերի կամ անհատների կատարած ենթադրյալ հանցագործությունների հետաքննության ընթացքում որևէ առաջընթաց չի գրանցվել:
Ադրբեջանի կառավարությունը նաև հանրային դատավարություններ է անցկացրել և քրեական պատասխանատվության ենթարկել Հայաստանի քաղաքացիների և զինծառայողների, որոնց համար չեն ապահովվել պատշաճ դատավարական ընթացակարգեր, փաստաբան ընտրելու իրավունք»,- նշված է զեկույցում: