2022 թ. ընթացքում մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման հատկանիշներով նախաձեռնվել է 8 քրեական վարույթ, որոնցից 3-ը վերաբերել է աշխատանքային, իսկ 5-ը՝ սեռական շահագործմանը։ Աշխատանքային և սեռական շահագործման բոլոր դեպքերը ներքին շահագործման դեպքեր են։
Բացի դրանից՝ մարդկանց թրաֆիքինգի և շահագործման վերաբերյալ բնակչության՝ հատկապես երիտասարդության իրազեկության, իրավագիտակցության մակարդակի բարձրացման, նրանց կողմից, ինչպես նաև նրանց նկատմամբ կատարվող հանցագործությունները և այլ իրավախախտումները նախականխելու, կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողներն իրենց կողմից սպասարկվող վարչական տարածքների դպրոցներում պարբերաբար կազմակերպել և անցկացրել են հանդիպումներ, զրույցներ:
Հանդիպումների ընթացքում բացատրվել են շահագործման, թրաֆիքինգի վտանգները և դրանցից խուսափելու ճանապարհները: Միաժամանակ, ՀՀ ոստիկանության կրթահամալիրում ոստիկանության տարբեր խմբերի ծառայողների համար կազմակերպվել են դասընթացներ՝ մարդկանց թրաֆիքինգի և շահագործման խնդիրներին վերաբերող թեմաներով:
ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ միջոցով շարունակվել է համագործակցությունը տարբեր երկրների իրավապահ մարմինների հետ՝ մարդկանց թրաֆիքինգի և շահագործման, ինչպես նաև նշված հանցագործությունները կատարելու մեղադրանքով միջազգային հետախուզման մեջ գտնվող անձանց վերաբերյալ տեղեկությունների փոխանակման ուղղությամբ: