Փոփոխությունը վերաբերում է, մասնավորապես, Եվրոպական դատարանում միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ պահանջ ներկայացնելու մասին և Արդարադատության միջազգային դատարանում նմանատիպ պահանջ ներկայացնելու իրավասությանը: Այս մասին ասել է ՀՀ կառավարության միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ««Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից:
Նրա խոսքով՝ ներկա կարգավորումներով միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը Եվրոպական դատարան ներկայացնում է միջակյալ միջոց կիրառելու պահանջ՝ հիմնվելով նաև Եվրոպական դատարանի կանոնների վրա, որովհետև այդ կանոնները, համաձայն օրենքի, հիմք են Եվրոպական դատարանում մեր ներկայացուցչության համար լիազորության շրջանակը մեկնաբանելիս:
Եղիշե Կիրակոսյանը նշել է, որ երկրորդ կարգավորումը վերաբերում է Արդարադատության միջազգային դատարանի նմանատիպ լիազորությանը: Միջոցը կոչվում է այլ ժամանակավոր կամ ժամանակային միջոց: Նա տեղեկացրել է, որ ՄԱԿ-ի և Դատարանի կանոնադրության պաշտոնական թարգմանության մեջ կիրառված է «ժամանակային միջոց» եզրույթը, այդ մասին նաև ԱԺ փորձագիտական եզրակացությունում է ներառված: Եղիշե Կիրակոսյանն ընդգծել է, որ օրենքում առկա է կարգավորում, որով նմանատիպ պահանջը ներկայացվում է Կառավարության որոշմամբ: Առաջարկվում է կանոնակարգումը հետևյալ տրամաբանությամբ հանել, ինչպես և արվում է Եվրոպական դատարանում՝ հիմնական հայցը՝ որպես միջպետական պահանջ, ներկայացնել Կառավարության որոշման հիման վրա, իսկ միջանկյալ կամ ժամանակավոր միջոց կիրառելու պահանջը ներկայացնելու լիազորությունը տրվի ներկայացուցչին: Նրա խոսքով՝ փորձը ցույց է տվել, որ նմանատիպ պահանջները բխում են հրատապ իրավիճակներից:
ՀՀ կառավարության միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի խոսքով՝ մյուս փոփոխությունը վերաբերում է արբիտրաժային վարույթի շրջանակում կամ օտարերկրյա դատարաններում քննվող դատական վեճերին, որտեղ ՀՀ-ն ներգրավված է կա՛մ որպես հայցվոր, կա՛մ որպես պատասխանող, այդ ժամանակ հնարավոր է լինեն դեպքեր, որ ՀՀ-ն բանակցի՝ վեճը լուծել հաշտության համաձայնության ճանապարհով: Օրենքի նախագծով նախատեսվում է, որ հաշտության համաձայնության հաստատող համաձայնագիրը ներկայացվի Կառավարության հաստատմանը:
Մյուս փոփոխությամբ առաջարկվում է Եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչություն, Եվրոպական դատարան նաև Արբիտրաժային կենտրոններ իրավաբան կամ մասնագետ գործուղելուն:
Նա տեղեկացրել է, որ մինչ այս պահն իրականացվել է Կառավարության որոշմամբ, սակայն առաջարկվում է, որ ՀՀ վարչապետին նմանատիպ լիազորություն վերապահել՝ վարչապետի որոշմամբ նմանատիպ մարմիններ գործուղելու և այդ որոշման հիման վրա պայմանագիր կնքելու կոնկրետ անձանց հետ, եթե անձը հանրային ծառայող չէ:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանից հետաքրքրվել է՝ ի՞նչ փուլում է Հաագայի դատարանի միջանկյալ ակտի կատարման ընթացքը:
«Այն պետք է պարտադիր կատարվի, բայց, ցավոք, Ադրբեջանն անտեսում է այդ որոշումը, բացի այդ, պաշտոնական մակարդակով էլ փորձում է աղավաղել որոշման բովանդակությունը: Դա նաև ներկայացված է Ադրբեջանի ԱԳՆ նամակում, որն ուղղված էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին: Գիտեմ, որ մեր նախարարի կողմից էլ դրան ի պատասխան նամակ է ներկայացվել»,- ասել է Եղիշե Կիրակոսյանը: Նա հավելել է, որ մեր կողմից աշխատանքներ են տարվում հարցը ՄԱԿ-ի ԱԽ օրակարգ մտցնելու ուղղությամբ:
Հարակից զեկուցող, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ փոփոխությունները և՛ բովանդակային են, և՛ տեխնիկական:
«Տեխնիկական են այն առումով, որ, ըստ էության, ներկայացուցիչը, ըստ միջազգային իրավունքի, որևիցե նոր լիազորություն չի ստանձնում, հաշվի առնելով, որ այդ բոլոր գործընթացները հնարավոր է իրականացնել համաձայն միջազգային փաստաթղթի հիման վրա՝ առանց որևիցե հավելման պետական օրենսդրական փոփոխությունների, բայց հաշվի առնելով սահմանադրական պահանջները՝ անհրաժեշտ է հստակեցում և իրավական որոշակիություն պահպանվի»,- ասել է Վլադիմիր Վարդանյանը:
Հանձնաժողովն օրենքի նախագծին տվել է դրական եզրակացություն: