ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի խմբի Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Ռանա Կարադշեհին և ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին: Հանդիպմանը ներկա էին նաև ՄՖԿ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Իվանա Դուարտեն և ՀԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը:
Հանդիպման մեկնարկին նախարար Հովհաննիսյանը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել Միջազգային ֆինանսական կորպորացիայի ներկայությունը Հայաստանում, մասնավորապես կարևորելով վերջինիս կողմից ՀՀ-ում իրականացվող ներդրումների ընդլայնումը:
Նախարարն ընդգծել է ՄՖԿ հետ համագործակցության ոլորտների դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը, ինչպես նաև հնարավոր նոր ոլորտներում փոխգործակցության ընդլայնմանն ուղղված ջանքերը:
ՄՖԿ ներկայացուցիչները, շնորհավորելով Վահե Հովհաննիսյանին ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, անդրադարձել են 2022 թվականին Հայաստանում արձանագրված բարձր տնտեսական աճին և նշել, որ տպավորիչ են համարում նախորդ տարվա տնտեսական ցուցանիշները:
Նախարարը մանրամասներ է ներկայացրել նախորդ տարվա և ընթացիկ տնտեսական իրավիճակի վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել են Հայաստանում մասնավոր ներդրումների ընդլայնմանը միտված բարեփոխումների իրականացումը, ինչպես նաև այս համատեքստում փորձի փոխանակման շարունակականության ապահովումը: